ԵՄ-ն ՀՀ մարզերում տարբեր ծրագրերի իրականացմանը հատկացրել է 13 մլն եվրո
ОбществоՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպություններից կստանա 13 միլիոն դոլար, իսկ Եվրոպական միությունից 13 միլիոն եվրո՝ համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով: Ջերմուկում ընթացող Գյուղական համայնքների հինգերորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց մարզերում իրականացվող աշխատանքներին մի ջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և մեր մյուս գործընկերների դերակատարությունը՝ հատկապես վարչատարածքային բարեփոխումների մասով ցուցաբերվող օժանդակությունը։
«Նրանց օժանդակությամբ, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով համայնքների փորձնական 14 փնջերում կիրականացվեն ավելի քան 13 մլն դոլարին համարժեք դրամի աշխատանքներ: Մարզային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով Եվրոպական Միության կողմից հատկացվել է ավելի քան 13 մլն եվրոյի օժանդակություն, որոնց ծրագրերի մրցույթները հայտարարվել են, և որոնց մասնակցության պարտադիր պայման է համարվում համայնքների ներգրավվածությունը»,- ասաց վարչապետը:
Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրատապ ծրագրերի շրջանակում ՀՀ պետբյուջեից ՀՀ մարզերին հատկացվել է շուրջ 4,3 մլրդ դրամ գումար, որը հիմնականում ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների և այլ օբյեկտների հիմնանորոգմանը: