Սեւանում հանդիսավորությամբ նշել են քաղաքի հիմնադրման 173-ամյակը
ОбществоՍեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սեւան քաղաքի բնակիչները հանդիսավորությամբ նշեցին իրենց բնօրրանի հիմնադրման 173-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, չորս տարի առաջ սեւանցուն վերադարձվեց իր քաղաքի օրը նշելու մոռացված ավանդույթը: Այս տարվա տոնակատարությանը կրում էր «Իմ ապագայի քաղաք» խորագիրը:
Դեռեւս մեկ շաբաթ առաջ, Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հովանավորությամբ, քաղաքում հյուրընկալվել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի թատերախումբը, որը ներկայացրեց Ա. Շիրվանզադեի «Ազգային գործիչը» ներկայացումը:
Պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով` ծրագրավորված բացօթյա միջոցառումները համարվեցին չեղյալ, եւ հանդիսությունն անցկացվեց Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում: Մինչեւ հանդիսավոր արարողակարգի եւ «Հանդիպում ապագայի հետ» համերգային ծրագրի մեկնարկը, մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվել էր նկարչական աշխատանքների ցուցահանդես` հեղինակությամբ Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի, գեղագիտական դաստիարակության կենտրոնի Սեւանի մասնաճյուղի սաների եւ դասատուների: Ճեմասրահի մի անկյունում իրենց երաժշտական կատ արումներով սեւանցիներին հրավեր էին կարդում մշակութային կենտրոնի «Երգի թատրոն»-ի սաները: Հյուրերին եւ մասնակիցներին իրենց թարմ հրուշակեղենն էին առաջարկում «Երկնային մանանա» սոցիալական ձեռնարկության աշխատակիցները:
Տոնական օրը շարունակվեց Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում: Ողջույններին ու բարեմաղթանքներին հաջորդեց քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը: Քաղաքապետարանի աշխատակազմի համար հետաքրքիր անակնկալ էին պատրաստել արվեստի դպրոցի սաները, որոնք քաղաքի օրվա խորագրով խորհրդանշական բացիկներ եւ լիճը պատկերող դրվագներ հանձնեցին:
Սեւանցիներին հյուրընկալվել էին նաեւ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուները: Թաղապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Իննա Դավթյանը վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի կողմից շնորհավորեց սեւանցիներին քաղաքի օրվա առթիվ եւ նվիրեց Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը:
Հանդիսավոր արարողակարգին հաջորդեց համերգային ծրագիրը: Ճանաչված երգիչների կողքին իրենց կատարումներով հանդես եկան նաեւ «Սեւան», «Ախթամար» ժողովրդական պարերի համույթները` ներկայացնելով օրվան համահունչ պարային կոմպոզիցիաներ եւ արդեն սիրված պարեր, Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրին «Ելենովկա» գրական-երաժշտական կոմպոզիցիան, հնչեցին շանսոն կատարումներ: Օրվա տոնական տրամադրությունն ամփոփվեց շքեղ հրավառությամբ:
«173 տարիների ընթացքում Սեւանը դարձել է Հայաստանի զարգացող, ավանդույթներ ձեւավորած, միջազգային ճանաչում գտած քաղաքներից մեկը, որը հպարտանալու, ցուցադրելու շատ բան ունի, ավելի փառավոր ճանապարհ անցնելու ձգտումներ»,-նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Քաղաքի օրվա տոնակատարությունների շրաջանակներում առաջիկայում եւս նախատեսված են միջոցառումներ, մասնավորապես, պարգեւատրման արարողակարգ եւ կլոր սեղաններ:
Խոսրով Խլղաթյան