«Սիրարփի» փոքր ՀԷԿ-ի պատճառով Նազարյանի հանձնաժողովը տուգանեց նաև «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին
ЭкономикаՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2012-2015 թվականների ընթացքում պարբերաբար գերազանցվել է «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, իսկ որոշ դեպքերում այն գերազանցվել է մի քանի տասնյակ անգամ: 2015 թվականի սեպտեմբերի 24-ին, ՀԷՑ-ից բացի, հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել նաև «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի նկատմամբ և պարզել, որ Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն նույնպես թույլ է տվել բազմաթիվ խախտումներ:
Մասնավորապես, պարզվել է, որ էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգում գրանցված ՀԷԿ-ի դրվածքային հզորության մի քանի տասնյակ անգամ գերազանցումը առևտրային հաշվառքի սարքի սխալ ցուցմունքի արդյունք է և չի համապատասխանել ՀԷԿ-ում փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի քանակությանը: Դրա հետևանքով վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ եռակողմ ակտում էլեկտրական էներգիայի քանակության մեծությունները սխալ են գրանցվել:
Ի դեպ, ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի և հաստատված կարգի համաձայն՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն ինքն է պատասխանատվություն կրում իր ներկայացրած տվյալների հավաստիության համար: Բացի այդ, ապահովում է համակարգային, գլխավոր, հանգուցային և տարածաշրջանային սերվերների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակությունը: ՀԾԿՀ-ն իր կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում պարզելով, որ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն խախտել է օրենքի և սահմանված կարգի մի շարք դրույթներ, որոշում է կայացրել ընկերությանը տուգանել հինգ հարյուր հազար դրամ գումարի չափով:
Արմինե Գրիգորյան