Չայկովսկու անվան դպրոցի սաները նվագեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառուների համար
КультураԵրևանի Պ.Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սաները նվագեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառու երեխաների համար: Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում մեծանուն կոմպոզիտորի տուն-թանգարանում անցկացվեց «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչեցին հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմներից։
««Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ արդեն երկար համագործակցության պատմություն ունենք և շատ նախագծեր ենք արել, բայց այս համերգը սովորական միջոցառում չէ մեզ համար: Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում: Շատ կարևոր է, որ Հայաստանում կա նման փառատոն, հիմանդրամ, որը մտահոգ է երեխաների ապագայով, ճակատագրով»,- նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը` կարևորելով համերգի իրականացումը:
Համերգի մեկնարկին «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառուները շրջեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանով, ծանոթացան ներկայացվող ցուցանմուշներին և կոմպոզիտորի գործունեությանը:
Չայկովսկու անվան դպրոցի 5-րդ դասարանի սան, դաշնակահար Շանթ Առուշանյանը «Հույսի երաժշտություն» համերգի ընթացքում ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Ժողովրդական նմանակում» ստեղծագործությունը:
«Երկրորդ նմանատիպ միջոցառումն է, որին մասնակցում եմ, չեմ վախենում, բայց հուզիչ է: Ստեղծագործությունը շատ լավն է»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
Չայկովսկու անվան դպրոցի 6-րդ սան, դաշնակահար Էդուարդ Հակոբյանն էլ կատարեց Արամ Խաչատրյանի «Երաժշտական պատկեր» և «Ռիթմիկ մարմնամարզություն» ստեղծագործությունները:
«Արամ Խաչատրյանի երաժշտությունը հավանում եմ, առաջին անգամ չեմ մասնակցում նման միջոցառման: Ելույթ եմ ունեցել նաև Շվեյցարիայում»,-նշեց նա:
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում տեղի են ունենում կամերային և սիմֆոնիկ համերգներ: