«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնն ընտրել է մրցանակակիրներին
Культура«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը հատել է եզրագիծը: Նոյեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում հայտարարվել են փառատոնի հաղթող ֆիլմերի անունները:
«Գրան Պրի» մրցանակի է արժանացել Լոդվիկ Քրայնսի «Սիկոս» (Նիդեռլանդներ) ֆիլմը: Հանդիսատեսի համակրանքին է արժանացել միանգամից երկու ֆիլմ` Մարիա Պետերսի «Քարացիր& raquo; (Նիդեռլանդներ) և Դավիթ Սահակյանցի «Անահիտ» (Հայաստան):
Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթել է Նինո Յակուսսոյի «Շանա- Գայլի երաժշտությունը» (Կանադա, Շվեյցարիա) : Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» է ճանաչվել Խավիեր Նավարոյի «Երազ տեսա»-ն (Իսպանիա):
Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում էլ լավագույնն է դարձել Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» (Բրազիլիա) կինոնկարը: Մանկապատանեկան ժյուրին «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» է ճանաչել Սա Յեոնդոնգի «Հրում»-ը (Կորեա)
Պատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ ֆիլմ մրցանակ» «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում ստացել է Լորենտ Բոյլու «Ենթակա է որդեգրման» (Ֆրանսիա) կինոնկարը: «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում պատանեկան ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակ»-ին է արժանացել Սոնյա Լիզա Կենտերմենի «Նիկոլետա»-ն (Միացյալ Թագավորություն, Հունաստան)
Պատանեկան ժյուրիի «Լավագույն ֆիլմ» «Պատիվ ունեմ» անվանակարգում հաղթել է Արտակ Զիլֆիմյան «Չեզոք գոտի»-ն (Հայաստան):
Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել էր ևս մեկը` «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվել էին հայ և այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր: Այդ անվանակարգում ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակների են արժանացել Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ուր է Եփրատը» (Հայաստան), Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» (Հայաստան) և Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» (Շվեդիա) կինոնկարները:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը այս տարի նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նոյեմբերի 7-11-ն անցկացված միջազգային փառատոնի կազմակերպիչը ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամն էր` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ), Գեղարքունիքում (Գավառ) և Տավուշում (Դիլիջան):
2006 թվականից ի վեր ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը Արցախում իրականացրել է մի շարք բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութային, սոցիալական, կրթական: Շարունակելով համագործակցությունը ԼՂՀ մշակույթի նախարարության հետ` այս տարի ևս փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ Արցախի բոլոր շրջաններում:
Փառատոնը, հանդիսանալով միջազգային հարթակ և ընդլայնելով իրականցվող ծրագրերը, այս տարի առաջին անգամ կինոդիտումներ կկազմակերպի նաև Ջավախքում։ Նպատակը Հայաստան-Ջավախք մշակութային համագործակցությունը խորացնելը և հետագայում ընդլայնելն է: ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի առաջնային ծրագրերից է փառատոնին հայկական համայնքների անմիջական մասնակցությունն ապահովելով Հայաստան-սփյուռք մշակութային կամուրջն ամրապնդելը: