Խաղաղության կորպուսի 39 կամավորներ երդվեցին ծառայել եւ լինել հայ ժողովրդի կողքին
ОбществоԱՄՆ խաղաղութան կորպուսի 39 անդամներ երդվում են ծառայել եւ լինել ժողովրդի կողքին, սիրել հայ ժողովրդի մշակույթը, խթանել փոխըմբռնումն ու ծառայության ընթացքում կատարել համաշխարհային խաղաղության եւ բարեկամությանն ուղղված առաքելությունը: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն է` բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սա ամերիկացի կամավորների 23-րդ խումբն է, որ այցելում է Հայաստան եւ մասնակցում կամավորական աշխատանքին: Կազմակերպության տնօրեն Չարլզ Սիսոնի գնահատմամբ, նրանք ԱՄՆ փոքրիկ դեսպաններն են, որ նախ Հայաստանում ներկայացնում են ամերիկյան մշակույթը, իսկ վերադառնալով իրենց տուն` պատմում Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, դրանով նպաստելով, որպեսզի հայերի եւ Հայաստանի տեղեկացվածությունն ավելի մեծանա: Ծրագիրն իրակա նացվում է մի քանի ուղղությամբ. անգլերենի ուսուցում, համայնքային ծրագրեր, համագործակցություն եւ այլն:
Առաջին տարբերությունը, որ Մեյնում բնակվող 26-ամյա Լիզա Բաթուսկին նկատել է, դա այն է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանում մարդիկ հյուրընկալ են, հյուրասեր եւ հարեւանություն են անում: «Իմ երկրում մարդիկ այցելություններ չեն ունենում, իրար հյուր չեն գնում: Երբ ես քայլում եմ մեր փողոցով, բոլորն ասում են «Լիզա, արի սուրճ խմենք»,- ասում է Լիզան: Արդեն մեկ տարի է Լիզան բնակվում է Նորատուսում, ապրում է հայ ընտանիքի հետ ու սովորել է խոսել հայերեն, անգամ երգում է ու պարում հայկական քոչարին: Լիզան կամավորական աշխատանք է ատարում Նորատուսի միանգամից երկու դպրոցում: «Օգնում եմ անգլերենի ուսուցիչներին, պարապում ենք եւ նոր մեթոդներ մշակում: Ապրում եմ հայ ընտանիքի հետ, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Հայերը շատ հյուրասեր մարդիկ են, շատ եմ սիրում Հայաստանը, շատ լավ երկիր է: Կուզենայի, որ իմ ծանոթները գան Հայաստան եւ տեսնեն, թե այստեղ ինչքան լավ մարդիկ են ապրում»,- ասում է Լիզան` հավելելով, որ կամավորական աշխատանքի ավարտից հետո կրկին այցելելու է Հայաստան` այս անգամ զբոսաշրջիկի կարգավիճակով:
Մարիա Պաուլա Սեգուրան կամ ինչպես ընկերներն են նրան անվանում` Մապին երկու ամիս առաջ է եկել Հայաստան: Նախ սովորել է հայերեն, ծանոթացել հայկական մշակույթին եւ կենցաղին: Շուտով Մապին կամավորական աշխատանքով կմեկնի Սեւան եւ տեղի դպրոցում անգլերեն կդասավանդի: «Սիրում եմ տարբեր մշակույթներ, ինձ համար հետաքրքրական էր այցելել հինավուրց այս երկիրը: Շատ եմ սիրում Հայաստանը: Ֆլորիդայի բնությունն այսպիսին չէ, այստեղ սարեր կան, հ արթավայրեր: Ամենից շատ հայ մարդկանց եմ սիրում, շատ հյուրասեր են, անհնար է նրանց չսիրել. բոլորն ուզում են մեզ համար մի լավ բան անել»,- ասում է Մապին:
Կամավորների երդմնակալությանը մասնակցելու եւ նրանց կատարածը եւս մեկ անգամ արժեւորելու է եկել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանՌիչարդ Միլսը: Նրա գնահատմամբ, հենց այս կամավորներն են Միացյալ Նահանգների իրական դեսպաննեը: «Նրանք ապրում են հայկական ընտանիքների հետ, սովորեցնում են անգլերեն, թե ինչպես վարել բիզնես, ապրելով Հայաստանում` ներկայացնում են ամերիկյան կյանքը»,- ասում է դեսպանը:
ԱՄՆ խաղաղության կորպուսը հիմնադրել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին 1961թ.: Այդ ժամանակվանից մինչ օրս ավելի քան 200.000 կամավոր է ծառայել 139 երկրում: Սկսած 1992 թվականից Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 950 կամավոր: