«Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունն ամեն տարվա նման այս տարի ևս կկայանա թուրք ազգայանկանների կողմից դավադրաբար սպանված հայազգի լրագրող Դինքի ծննդյան օրը' սեպտեմբերի 15-ին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հրանտ Դինք» հիմնադրամի պաշտոնական կայքը:   Այս տարվա ժյուրիի կազմի մեջ են մտնում թուրք քաղաքագետ, պրոֆեսոր Բասքըն Օրանը, հրապարակախոս Ժիրայր Լիպարիտյանը, Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության գլխավոր տնօրեն, իրավաբան Քենեթ Ռոթը, «Գրինփիս» կազմակերպության տնօրեն Կումի Նաիդոն, «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքը, 2013 թվականին «Հրանտ Դինք» միջազգային մրցանակը ստացած Նատաշա Քանդիչը և «Շաբաթ օրվա մայրեր» կազմակերպությունը:   «Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է երկու մարդու կամ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում են և ոգեշնչում մյուսներին: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը' տեսանելի, և նրա նք միայնակ չեն: