Մեծ էկրաններ կբարձրանա «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմը
КультураՄարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք համարվող հերոսական Չարդախլու գյուղի գաղտնիքը բացահայտվել է ֆիլմի միջոցով։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը։ Սա «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ » շարքի հերթական կինոնկարն է։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտին են հասցվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի պրոդյուսեր Աիդա Ահարոնյանը տեղեկացրել է, որ ֆիլմի նկարահանումները կատարվել են Արցախում, Տավուշի մարզի Զորական գյուղում: Կինոնկարի կենտրոնում Չարդախլուի ներկայիս հերոսներն են՝ Արթուր Բաղրամյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, գեներալ մայոր Հովհաննիսյանը և այլք: Հերոսական Չարդախլուի մասին պատմող ֆիլմն առաջին հերթին ուղղված է երիտասարդությանը: «Ողջ ֆիլմի ընթացքում կարմիր գծի պես անցնում է ավագի նկատմամբ հարգանքի, տուրք տալու գաղափարները»,-նշել է նա:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը փաստել է, որ Չարդախլուի պատմության իմաստավորումն անհրաժեշտ է Արցախի ամբողջական պատմությունն ուսումնասիրելու և մեր անցյալն իմաստավորելու առումով:
«Ամեն գյուղի, շրջանի, քաղաքի պատմությունը ամբողջացնում է հայոց պատմությունը: Այսօր Չարդախլուն թշնամու ձեռքին է. մեր պատմական հուշարձաններն ավերում են, և ոչ մի կանգուն հուշարձան չես գտնի: Չարդախլուն պատմական գյուղ է, որը հայտնի է իր մարշալներով, 20-ից ավելի գեներալներով, գնդապետներով, զինվորական, սպայական կազմով: Չարդախլուն այն եզակի գյուղերից է, որն իբրև զինվորական ամրոց տարիներ շարունակ դիմակայել է թշնամուն»,-ընդգծել է նա:
38.5 րոպե տևողությամբ «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմն ավելի լայն լսարանին կներկայացվի դեկտեմբերի 3-ին. այն կբարձրանա մեծ էկրաններ, այնուհետև կցուցադրվի հեռուստաընկերություններով, հասանելի կլինի նաև համացանցում: