Չորս ստեղծագործողներ արժանացան «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա մրցանակներին
КультураՀայաստանի գրողների միության անդամ չորս գրողներ արժանացան «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա մրցանակներին: Մրցանակաբաշխության մեկնարկին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց, որ հանձնաժողովն անաչառ կերպով աշխատել ու ընտրել է լավագույններին:
«Մրցանակները հանձնվում են արձակի, պոեզիայի և հրապարակախոսության անվանակարգերում: Ամեն տարի այս մրցանակաբաշխությունը ընթերցողներին ուղղորդում է դեպի նոր լույս տեսած գրքերը: Նաև ինչ-որ չափով բարոյապես և ֆինանսապես սատարում է գրողին: Ամեն տարի այսպիսի մրցանակաբաշխությունները նպաստում են նոր գրքերի ի հայտ գալուն»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը` հավելելով, որ արդեն 10 տարի հանձնվում է նման մրցանակ: Նա նաև տեղեկացրեց, որ բարերար Հրանտ Սիմոնյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի մեդալին, և պետք է այն մոտ օրերս ուղարկեն ԱՄՆ:
Հրապարակախոսություն անվանակարգում մրցանակ ստացավ Նանեն` «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» գրքի համար:
Գիրքն իր մեջ է ամփոփում բանաստեղծ, հրապարակախոս Նանեի վերջին տարիներին մամուլում պարբերաբար հրապարակված էսսեների և հրապարակախոսությունների մի մասը: Դրանք ազգի, մարդկության, երկրի և մոլորակի դեմ ծառացած անհայտներով և հայտնիներով բազում խնդիրների վերհանման, լուծման փորձերին և այլ թեմաների են առնչվում:
«Հրապարակախոսության ասպարեզում երկրորդ մրցանակս է: Շատ եմ կարևորում նման մրցանակները: Ցանկացած մրցանակ նպաստում է նրան, որ քեզ փոքր ինչ-որ արժևորված ես զգում: Գործը գործ, բայց հաճելի է, երբ գնահատված է գրողը»,-մեզ հետ զրույցում նշեց Նանեն:
Արձակ անվանակարգում մրցանակ ստացավ Հակոբ Հարությունը` «Կապույտ հազ» գրքի համար:
Հեղինակն արևելահայ գրականության մեջ առաջին անգամ անդրադարձել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման գործում կամավորական հայ լեգեոնականի կերպարին, որի կենսագրությունը դարձել է եղեռնազարկ գերդաստանի շարունակվող տարեգրություն: Այն հրատարկվել է «Սպիկա»-ում:
«Գլխավոր հերոսը հայկական լեգեոնականն է, որն առաջին անգամ ներկայանում է որպես կերպար: Թեմատիկայի իմաստով ավելի կարևոր բան չեմ պատկերացնում: Մրցանակն իմ խոնարհումն է լեգեոնականի առջև»,-մեզ հետ զրույցում նշեց հեղինակը:
Պոեզիայի անվանակարգում մրցանակ ստացավ Նորայր Ենգիբարյանը` «Իրեր և իրավիճակներ» բանաստեղծությունների գրքի համար:
Նորայր Ենգիբարյանն այս գրքով շարունակել է պարզ, առօրյա երևույթների ու իրերի մեջ տեսնել բանաստեղծականն ու արտահայտել այն անպաճույճ, խոսակցական ձևով` համեմված նուրբ հումորով: Գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ` «Ծիծեռնակ» հրատարակչությունում:
«Երկու տարվա աշխատանք է: Աշխատել եմ այնպես գրել, որ մոտ լինել կյանքին, որպեսզի այն, ինչ գրում եմ, հնչի, հասկանալի լինի, հուզի մարդկանց, մտորելու տեղիք տա: Այս խոհերով եմ այն տպագրության հանձնել: Շատ ուրախ եմ, որ գիրքս գնահատվեց մրցանակով: Լավ է, որ մարդու աշխատանքը գնահատվում է»,-մեզ հետ զրույցում նշեց Նորայր Ենգիբարյանը:
Պոեզիայի անվանակարգում մրցանակ ստացավ նաև Գագիկ Դավթյանը` «Վարք Բաբիկի` որդվո Սյունյաց իշխան Անդովկի» պոեմի համար: Գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ` «Արմավ» հրատարակչությունում:
«Ընդամենը մի ամիս առաջ է լույս տեսել: Սա հայոց Փառանձեմ թագուհու եղբոր` Անդովկ իշխանի որդի Բաբիկի պոետական վարքագրությունն է: Նման մրցանակները կարևոր են, լավ կլինի, որ ոչ միայն սփյուռքի, այլև տեղի բարերարները սահմանեն նման մրցանակներ: Պիտի ուշադիր լինեն գրողի, գրականության նկատմամբ»,-մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Դավթյանը: