Հայրդենադարձված Լուսիկ Աբովյանը ապահովության համար ևս 1-2 օր կգտնվի բժիշկների հսկողության տակ
ОбществоՀայաստան հայրենադարձված Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանի առողջական վիճակը բժշիկները դրական են գնահատում: Ադրբեջանական գերությունից ազատված կինը առողջական խնդիրներ չունի, սակայն ապահովության համար դեռևս 1-2 օր կգտնվի «Իջևանի» բժշկական կենտրոնի բժիկների հսկողության տակ:
Այս մասին հայտնեց Տավուշի մարզի առողջապահության վարչության պետ Նա րեկ Վանեսյանը:
Նրա խոսքով՝ Լուսիկ Աբովյանն անցել է բոլոր անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները. արտաքին զննությամբ կնոջ մոտ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: «Ապահովության համար, իմ վերահսկողության ներքո, Լուսիկ Աբովյանը ևս 1-2 օր կպահվի «Իջևանի» բժշկական կենտրոնում, և եթե նրան հավելյալ պահելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ չլինեն, դուրս կգրվի»,- ասաց Վանեսյանը:
Կոթի գյուղի բնակչուհին պատմել է, որ տնից դուրս է եկել պանիր գնելու համար, սակայն ետդարձին մառախուղի պատճառով մոլորվել է և անցել հայ-ադրբեջանական սահմանը: Գերության ժամանակ ճնշման տատանումներ է ունեցել, որը Տավուշի մարզի առողջապահության վարչության պետը պայմանավորեց հոգեբանական լարված վիճակով: Հայրենիք վերադառնալիս 76-ամյա կինը իր գնած պանիրն իր հետ հետ է բերել:
Վանեսյանը նաև հավելեց, որ Լուսիկ Աբովյանը նախկինում բուժվել է «Իջևանի» ԲԿ-ում` գանգատներ ունենալով զարկերակային ճնշման հետ կապված:
Իսկ Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ 76-ամյա կինը ապրում է ամուսնու հետ, ունի մեկ որդի, ով ընտանիքի հետ առանձին ապրում է նույն գյուղում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-ին Հայաստան հայրենադարձվեց ադրբեջանական գերության մեջ գտնվող` Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանը: Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ուհետ չի վերադարձել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լուսինե Աբովյան նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում է Ղազախի շրջանում: