Նախանշվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության նոր հեռանկարներ
ЭкономикаՊաշտոնական այցով Իրանի Իսլամական հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մասնակցել է Թեհրանում տեղի ունեցած Իրան-Հայաստան գործարար համաժողովին:
Ինչպես փոխանցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 9-ին` Թեհրանում Կարեն Ճշմարիտյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխ նոլոգիաների և ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի, կապի, այդ թվում, ինտերնետ հասանելիության ոլորտներին առնչվող հարցեր:
Մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտոնյալ առևտրային ռեժիմները այլ երկրների հետ, ԵԱՏՄ անդամակցությամբ բացվող հնարավորությունները և Հայաստանին վերապահված բացառությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի արձանագրած հաջողությունները: Կարեն Ճշմարիտյանը բարձրացրել է նաև Իրանի կողմից փոխադարձ առևտրում կապի և ինտերնետ ծառայությունների գների իջեցման հարցը, որին ի պատասխան Մահմուդ Վայեզին պատրաստակամություն է հայտնել քննարկել նշված խնդիրը: Նա կարևորել է փոխադարձ ներդրումների, ինչպես նաև փոխադրումների և ճանապարհների կառուցման հարցերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակցել երկու երկրներում կազմակերպվող ՏՏ և ինովացիոն ոլորտների միջոցառումներին, ցուցահանդեսներին:
Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԻԻՀ առևտրի, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ: Քննարկվել են երկկողմ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններին: Մոհսեն Ջալալփուրն առաջարկել է ստեղծել համատեղ ձեռնարկություններ և դրանց միջոցով դուրս գալ տարածաշրջանի այլ երկրների շուկաներ: Զրուցակիցները կարևորել են նաև ծառայությունների ոլորտում համագործակցության ակտիվաց ումը և ներդրումների ավելացումը:
Նոյեմբերի 9-ին, օրվա երկրորդ կեսին մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը, այդ թվում շուրջ 70 հայ գործարարներ: Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն, բազմաթիվ իրանական պաշտոնյաներ և շուրջ 200 իրանցի գործարարներ։ Գործարար համաժողովի ընթացքում ներկայացվել են երկու երկրների հնարավորությունները, ներդրումային միջավայրը, համագործակցության հեռանկարները: Այնուհետև տեղի են ունեցել հայ և իրանցի գործարարների երկկողմ հանդիպումներ: Համաժողովի ավարտից հետո կայացել է Կարեն Ճշմարիտյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական ապրանքների` ԻԻՀ արտահանման հնարավորությունները, ԵԱՏՄ անդամակցությամբ բացվող հեռանկարները, տարբեր ոլորտների ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման աջակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նոյեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Սեիֆ Վալիոլլահի հետ: Քննարկվել են երկու երկրների տնտեսական զարգացուման հեռանկարները, բանկային համակարգերի միջև փոխգործակցության հնարավորությունները: