Հայաստանը կյանքի կկոչի հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք ստեղծելու ծրագիրը
ЭкономикаԵվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10 միլիոն եվրո վարկ կտրամադրի Հայաստանի և Վրաստանի սահմանին հաստատուն հոսանքի ենթակայան և նոր դասի 400 կիլովատ հզորությամբ հաղորդագիծ կառուցելու համար: Դա երկու երկրներին հնարավորություն կտա կազմակերպել էլէկտրահամակարգերի զուգահեռ աշխատանքը: Ազգային ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը:
Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանը նշեց, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրվող 10 միլիոն եվրոյով իրենք համալրում են այն ֆինանսական ռեսուրսները, որոնցով նախատեսվում է կյանքի կոչել ծրագրի առաջին փուլը:
«Մենք արդեն KfW բանկից ստացել ենք 85 եվրոյի վարկային միջոցներ, իսկ առաջիկայում կստանանք ևս 10 միլիոն եվրո դրամաշնորհ: Այսինքն՝ մենք 105 միլիոն եվրո գումորով հնարավորություն կունենանք կյանքի կոչել այս ծրագրի առաջին փուլը»,- ընդգծեց Գալստյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ Հայաստանն ավարտել է բանակցությունները KfW բանկի հետ՝ ծրագրի երկրորդ փուլի համար ֆինանսական միջոցների հատկացման հարցով: «Բանկն արդեն համաձայնել է ֆինանսական միջոցներ տրամադրել ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար, որպեսզի կարողանանք այդ կապի հզորությունն ապահովել»,- հավելեց Գալստյանը:
Նա ընդգծեց, որ սրանով Հայաստանը հնարավորություն է ստանում իրականացնել հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծման ծրագիրը:
«Դրա շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում Վրաստանի հետ աշխատել սինխրոն ռեժիմով: Դուք գիտեք, որ մենք այդ ռեժիմով արդեն աշխատում ենք նաև Իրանի հետ: Իսկ ահա Վրաստանի միջոցով մենք կկարողանանք աշխատել ԱՊՀ մյուս երկրների հետ, ինչու չէ, նաև Թուրքիայի միջոցով՝ Եվրամիության երկրների հետ»,- եզրափակեց փոխնախարարը: