Ադրբեջանում դոլարի պահանջարկը 62 տոկոսով աճել է
ЭкономикаԱյս տարվա 9 ամիսներին Ադրբեջանում ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 61,7 տոկոսով աճել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը` հղում կատարելով այդ երկրի կենտրոնական բանկին: Նշվում է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի արտարժույթի շուկայում շրջանառությունը 1,8 անգամ մեծացել է:
Ադրբեջանի ԿԲ-ի տվյալներով` ընթացիկ տարվա 9 ամսում արտարժույթի շուկայում գործարքների 91 տոկոսը կատարվել է ԱՄՆ դոլարով, մնացած 9 տոկոսը` այլ արժույթներով: ԱՄՆ դոլարով գործարքներն աճել են 1,8 անգամ, եվրոյով գործարքները` 2,1 անգամ:
Ադրբեջանում կանխիկ արտասահմանյան արժույթի նկատմամբ պահանջարկը խիստ աճել է 2015 թվականի առաջին եռամսյակում: Այսպես, 9 ամսում դոլարի 63 տոկոսը, եվրոյի` 38 տոկոսը վաճառվել են այս տարվա առաջին եռամսյակում: Դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ԿԲ-ն որոշել էր փետրվարի 21-ին մոտ 34 տոկոսով էժանացնել դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը: