15 րոպե առաջ են հայտնել ընտանիքին նրա մահվան մասին. զոհված զինծառայողի հորեղբայր
ОбществоShabat.am-ը գրում է.
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արևիկ գյուղից էր, դեկտեմբերի 17-ին լրանանալու էր նրա ծառայության երկու տարին:
«Վահեն ֆուտբոլով էր զբաղվում, բավականին ռիսկով, չընկճվող տղա էր: Վերջերս նաև մեդալի կարգի պարգևատրում էր ունեցել իր ծառայության հետ կապված, ուրիշի կյանք էր փրկել: Պետք է արձակուրդ գար, երևի ինքը չուզեց արձակուրդ գալ, որ շուտ զորացրվեր»,-Shabat.am-ին պատմեց Վահե Վանոյանի հորեղբայրը՝ Իշխան Վանոյանը:
Նրա խոսքով, Վահեն երբևիցե չի բողոքել ծառայությունի. «Ինքը նման բան չուներ, որքան էլ դժվարություն չունենար, այդ դժվարության մասին չէր ասում, ուրիշին չէր խառնի դրան»:
Վահե Վանոյանի ընտանիքը քիչ առաջ է իմացել նրա մահվան մասին:
«Մայրը, հայրը, քույրը հենց այս պահին շատ դժվար վիճակում են: Առավոտյան ինձ տեղյակ են պահել, սկզբում չասացի՝ ինչն ինչոց է, ուղղակի ասաց ծանր վիրավոր է, ընդամենը 10-15 րոպե առաջ ասացի, որ զոհվել է ու հիմա ամենադժվար պահն է»,-մանրամասնեց հորեղբայրը:
Արևիկ գյուղի գյուղապետի խոսքով էլ, Վահե Վանոյանը աշխույժ ու լավ տղա էր, զբաղվում էր սպորտով: Նա ընտանիքի միակ արու զավակն էր:
Վահե Վանոյանը որևէ տեղ չէր սովորում, դպրոցն ավարտել էր ու գնացել բանակ:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: