ՄԱԿ-ի տվյալներով՝ 1990-ից ի վեր, ընդհանուր առմամբ, մայրական մահացությունը նվազել է 44%-ով, իսկ Հայաստանի դիրքերն ավելի խոսուն են
ОбществоՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1990-ից ի վեր մայրական մահացությունը նվազել է 44%-ով։ «Մայրական մահացությունը» կնոջ մահն է հղիության, ծննդաբերության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում։ Մասնագետները հույս են հայտնում, որ իրականացվող ծրագրերի շնորհիվ հնարավոր կլինի մինչև 2030-ը գրեթե լիովին վերջ դնել նման դեպքերին: Մասնագետների կարծիքով՝ բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը հղիության և ծննդաբերության ընթացքում օգնում է փրկել ոչ միայն մայրերի, այլև երեխաների կյանքը։
1990-2015թթ. ընթացքում Բհուտանում, Կաբո Վերդեում, Կամբոջայում, Իրանում, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում, Մալդիվյան Հանրապետությունում, Մոնղոլիայում, Ռուանդայում և Թիմոր-Լեստեում մայրական մահացության հարաբերակցությունը կրճատվել է առնվազն 75%-ով։ Մինչև այս տարեվերջ աշխարհում մայրական մահերի մոտ 99%-ը տեղի է ունեցել զարգացող տարածաշրջաններում. միայն Աֆրիկայի ենթասահարյան երկրներում են գրանցվել 3 մահերից 2-ը (66%)։ Սակայն սա ինքնին խոշոր բարելավում է, նշում են ոլորտի պատասխանատուները։ Ամենամեծ տարածաշրջանային բարելավումը տեղի է ունեցել Արևելյան Ասիայի տարածաշրջանում, որտեղ մայրական մահացության հարաբերակցությունը մոտավորապես 95-ից նվազել է 27-ի։ Իսկ զարգացած տարածաշրջաններում մայրական մահացությունը նվազել է 48%-ով՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով 23-ից իջնելով 12-ի։
Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը 1990թ. ի վեր նվազել է գրեթե 57%-ով։ Վերջին 20 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը օժանդակել է Հայաստանի կառավարությանը՝ պահպանելու և բարելավելու կանանց և մանկիկների առողջությունը նախքան ծննդաբերությունը, ծննդաբերության ընթացքում և ծննդաբերությունից հետո՝ մշակելով ազգային ռազմավարություն և կարգավորող դաշտ երեխաների առողջության և սնուցման վերաբերյալ, ինչպես նաև մարզային մակարդակում ստեղծելով նորածինների ինտենսիվ խնամքի բաժիններ, բուժաշխատողներին զինելով նեոնատալ խնամքի հմտություններով և գիտելիքներով։
Ա.Գ.