Ստամբուլի մի մասը կարող է վերանալ
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Մարմարա ծովում սպասվող մեծ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվելու է Ստամբուլից 8 կմ հեռավորության գտնվող «Շահզադե կղզիների հատված» կոչված սեյսմիկ օջախում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները' նշելով, որ այդ տարածքում վերջին հզոր երկրաշարժը տեղ ի է ունեցել 250 տարի առաջ:
Մասնագետների կարծիքով' Մարմարա ծովի խորության վրա գտնվող այդ սեյսմիկ դատարկության արեւմտյան մասում երկրակեղեւի որեւէ ցնցում չի գրանցվել: Դեռեւս հայտնի չէ, թե նվազագույնը 7 բալ ուժգնությամբ ենթադրվող երկրաշարժը երբ եւ կոնկրետ որ հատվածում կարող է լինել:
Մասնագետները նշում են, որ երկրաշարժերն առաջ են ընթանում արեւելքից դեպի արեւմուտք, եւ նթադրում, որ 1999 թվականին տեղի ունեցած «Գյոլջյուք» երկրաշարժից հետո հերթական երկրաշարժի էպիկենտրոնը լինելու է Ստամբուլը:
Մասնագետները հիշեցնում են «Գյլոչյուք» երկրաշարժի ժամանակ հազարավոր մարդկանց մահը եւ նշում, որ խիստ կարեւոր է կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին երկրաշարժագետների այն կանխատեսումների մասին, որ առաջիկա 50 տարիների ընթացքում Ստամբուլի շրջանում ենթադրվող երկրաշարժը կարող է վերացնել այդ հսկա քաղաքի կեսից ավելին եւ մարդկային մեծ կորստի պատճառ դառնալ: