Հայաստանը հավակնում է հայտնվել աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում
ОбществоԳլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը 140 երկրների շարքում, ինչը մասնագետները գոհացուցիչ են համարում: Մի շարք չափորոշիչներով Հայաստանը գտնվում է համեմատաբար լավ դիրքերում, որոշ այլ ցուցանիշներ այնքան էլ գոհացնող չեն:
Բիզնես-ինովացիոն 3-րդ համաժողովին, որն անցկացվում է «Հայաստանը 2018-ին 20 ամենանորարար երկրների շարքում» խորագով, այս մասին զեկույց ներկայացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: «Գլոբալ ինովացիոն ինդեքսը կազմվում է 79 տարբեր ինդիկատորների միջոցով, որոնք խմբավորված են 7 ուղղությունների մեջ: Մենք ավելի լավ վիճակում ենք գիտելիքի և տեխնոլոգիաների արտադրության առումով և շատ ավելի վատ վիճակում ենք մարդկային կապիտալի ո ւ գիտահետազոտական ոլորտներում»,-ասաց Հայկ Չոբանյանը` շեշտելով, որ ցուցանիշների վերլուծությունը կարևոր է, քանի որ Հայաստանը ցանկություն ունի երեք տարի հետո հայտնվել 20 ինովացիոն երկրների շարքում:
Բանախոսի ներկայացմամբ` Հայաստանը բավականին լավ արդյունքեր է ցուցաբերել շուկայի ֆինանսական բաղադրիչի մասով, բայց վատ իրավիճակում է ներդրումային գնահատման առումով: «Գիտելիք և տեխնոլոգիական արտադրանք» կատեգորիայում հարաբերական լավ վիճակում ենք գիտելիքի ձևավորման առումով, բայց գիտահետազոտական մասով վատ ցուցանիշներ ունենք: Լավ վիճակում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու բիզնես մոդելների ստեղծման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների կազմակերպությունների ստեղծման մասով, բայց օնլայն ստեղծագործականության ոլորտում գրանցել ենք վատ ցուցա նիշներ»,-նշեց Հայկ Չոբանյանը:
Հայաստանը մտահոգիչ ցուցանիշներ է գրանցել ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի ու հետազոտությունների չափորոշիչներով: «Համեմատաբար ավելի լավ վիճակում ենք տեղեկատվական ու հեռահաղորդակցական ենթակառուցվածքերի մասով»,-ասաց բանախոսը:
Երկօրյա համաժողովի հիմնական խոսնակներն են տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները: 3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն համաժողովն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: