Քամին վնասներ է պատճառել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների տնտեսությունների
ОбществоԳեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Սոթք, Լճավան, Ծովակ համայնքներում ավերիչ քամին զգալի վնասներ է հասցրել մասնավոր կամ հանրային նշանակության շինություններին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ, աղետի պատճառած վնասների հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ Դերենիկ Հովհաննիսյանը, ամենազգալի չափերի վնասը հասցվել է Նորակերտում, որտեղ քամին պոկել-տարել է 4 առանձնատան տանիք ամբողջությամբ, մասամբ` միջնակարգ դպրոցի եւ մի քանի տասնյակ շինությունների տանիքիներ: Ուժեղ քամուց վնասվել են նաեւ Փոքր Մասրիկի բուժկետի, Մեծ Մասրիկի անասնապահական համալիրի, Լճավանի, Սոթքի եւ Ծովակի առանձնատների տանիքները: Էներգամատակարարման համակարգում առաջացած վթարի արդյունքում ժամեր շարունակ հոսանքազրկվել են տասնյակից ավելի բնակավայրեր:
«Հանձնաժողովը Գեղարքունքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի եւ մի շարք վարչությունների պետերի մասնակցությամբ տեղում մանրամասնորեն ուսումնասիրում է աղետի պատճառած վնասների հետեւանքներն ու չափերը: Առավելապես տուժել են առանձնատների կամ այլ շինությունների տանիքները: Վնասի չափերը կճշգրտվեն մի քանի օրից»,- նշեց Դերենիկ Հովհաննիսյանը: Իսկ «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի պետ Արամ Մանուկյանը նշեց, որ հոսանքազրկված համայնքներում դեռեւս շարունակվում են էներգամատակարարման վերականգնման աշխատանքերը: «Բոլոր ուղղություններում դեռեւս ընթանում են հենասյուների եւ հաղորդալարերի վերականգնման աշխատանքները: Մինչեւ օրվա ավարտը կձգտենք վերականգնել էներգամատակարարումը բոլոր բնակավայրերում»,-հավաստեց Արամ Մանուկյանը: