Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հուշերն ու նավապետերի զեկուցագրերը գիրք կդառնան
ОбществоՄուսա լեռան հերոսամարտի ու մուսալեռցիների ազգագրության վերանորոգված ու թարմացված թանգարանի միջոցով Մուսա լեռան հերոսամարտը նորովի է ներկայանում:
Լրագրողների հետ զրույցում նշեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը: Նա նշեց, որ ցուցահանդեսային պատմությունը կամբողջանա թանգարանում տեղադրված տեղեկատվական սենսորային վահանակների միջոցով, որում տեղ կգտնեն չցուցադրված նյութերը:
«Այստեղ առաջին անգամ ցուցադրված են փաստաթղթեր ֆրանսիական արխիվներից, որով հերոսամարտի պատմությունը նորովի է ներկայանում: Թանգարանը վերանորոգվել է Դեզե նավի համանմանությամբ` բաղկացած տախտակամածից ու ներքնամասից, որտեղ էլ ներկայացված է ցուցադրությունը: Դեզեն 5 փրկարար նավերից մեկն էր»,-ասաց զրուցակիցը: Թե ինչու է ընտրվել Դեզե նավը, որովհետև այդ նավի գլխավորությամբ է կատարվել 4 հազարից ավելի մուսալեռցիների փրկության նավարկությունը: Բացի այդ` Դեզեում է ծառայել նաև հայազգի Տիգրան Թեքեյանը` Վահան Թեքեյանի զարմիկը:
Կարեն Արիստակեսյանը հայտնեց, որ առաջիկայում հրատարակելու են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հուշերն ու նավապետերի զեկուցագրերը: «Երբ խմբագրում էի գիրքը, շատ էի մտածում, թե ինչպիսին պետք է լինի ցուցադրությունը ու մի գեղեցիկ օր էլ հղացա նավի տեսքով ցուցադրությունը ներկայացնելու գաղափարը»,-ավելացրեց Կարեն Արիստակեսյանը` շնորհակալություն հայտնելով նավի կառուցմանն իր աջակցությունը բերած մուսալեռցի բարերար Զոհրաբ Թարզյանին:
«Մուսա լեռան հերոսամարտը 1915 թվականի ինքնապաշտպանական մարտերից ամենամեծ միջազգային հնչեղություն ունեցողն է ֆրանսիացի գրող Ֆրանց Վերֆելի շնորհիվ: Մենք այս օրերին մեր պարտքը մատուցեցինք Վերֆելին` այստեղ տեղադրելով նրա և ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի կիսանդրիները»,-հավելեց Կարեն Արիստակեսյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում կայացել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներից մեկը, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:
Հերոսամարտի հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանն իր «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղի ցուցասրահում կազմակերպել է «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով մշտական ցուցադրություն: