Հայաստանից Չինաստան արտահանումն աճել է
ЭкономикаՉինաստանը շատ դրական է գնահատում հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքը և քաղաքական փոխգործակցության մակարդակը:
Արմենպրեսի փոխանցմամբ` «Հայ-չինական համագործակցությունը «Մետաքսի Ճանապարհ» տնտեսական գոտու ստեղծման չինական նախաձեռնության լույսի ներքո» թեմայով գիտաժողովին նման դիրքորոշում հայտնեց ՀՀ-ում ՉինաստանիԺողովրդավարականՀանրապետության դեսպանԹիան Էրլուն:
«Հայկական կողմի վիճակագրական տվյալների համաձայն` այս տարվա առաջին երեք եռամսյակում Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 358 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, 12 տոկոսով ավելացել է Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան»,- ասաց դեսպանը` հավելելով, որ վերջին երեսուն տարում Չինաստանն իր տնտեսական զարգացմամբ երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ արտասահմանյան ներդրումների առումով` երրորդ: Այն 120 երկրների գործընկեր է և արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը: Չինաստանի համար առավել հետաքրքիր է համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գունավոր մետաղի, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտներում:
Դիվանագետը հիշեցրեց, որ 2015 թվականի մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ստորագրվեց հռչակագիր` երկկողմ բարեկամության և փոխգործակցության խորացման և զարգացման մասին: Իսկ սեպտեմբերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան նոր լիցք հաղորդեց գործարար համագործակցությանը: «Ներկայումս մեր երկրները գտնվում են քաղաքական փոխվստահության շատ բարձր մակարդակում, պահպանվում է առևտրատնտեսական զարգացման դրական շարժը: Առաջընթաց է գրանցվում նաև հումանիտար ոլորտում համագործակցությունում»,-նշեց Թիան Էրլուն` տեղեկացնելով, որ 2016 թվականին ծրագրվում է Հայաստանում սկսել չինական թեքումով դպրոցի շինարարությունը, որն առաջինն է ԱՊՀ տարածաշրջանում:
Դեսպանի գնահատմամբ` «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին ստեղծում է երկկողմ փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ: «Մետաքսի ճանապարհի» ծրագրի շրջանակում Չինաստանը ձգտում է ակտիվացնել նաև շփումները Եվրասիական տնտեսական միության հետ: Մասնավորապես, ջանքեր են գործադրվում դյուրացնելու առևտուրը Չինաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև` որպես վերջնական նպատակ ունենալով Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը: