Մեքենաների սեփականատերերը կշարունակեն «տեխասմոտր»-ի թղթի համար անիմաստ վճարումներ կատարել
ОбществоՄեկ անգամ չէ, որ ճանապարհային երթևեկության փորձագետները տարբեր առիթներով բարձրացրել են ավտոմեքենաների տեխզննման մասին հարցը: Չնայած վաղուց այն ձևական բնույթ է կրում, բայց մեքենաների սեփականատերերը ստիպված ինչ-որ թղթի կտոր ստանալու համար որոշակի գումար մուծել և այն փակցնել մեքենայի դիմապակուն:
Խնդիրն այն է, որ մի քանի հարյուր հազար քաղաքացիներ «տեխասմոտր»-ի անվան տակ գումարներ են մուծում, ինչը չնայած իրականում միլիարդավոր դրամների է հասնում, սակայն ոչ մեկի համար այդպես էլ պարզ չի դառնում, թե ուր են անհետանում այդ գումարները կամ ինչ նպատակի համար են դրանք ծախսվում:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նպատակով ԱԺ պատգամավորները նախագիծ էին ներկայացրել, համաձայն որի` առաջարկվում էր ավտոմեքենաների տեխզննումն իրականացնել երեք տարին մեկ անգամ:
Երկար սպասված նախագիծն այսօր ներկայացվել էր ԱԺ-ում և հավանության արժանանալու դեպքում կարող էր մտնել մեծ օրակարգ: Մինչ քվեարկությունը սկսելը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նարիրա Զոհրաբյանը կոչ արեց կողմ քվերակել նախագծին: Նման կոչով հանդես եկավ նաև ՕԵԿ պատգամավոր, նախագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց նաև, որ տարիներ շարունակ թուղթ է վաճառվում ժողովրդի վրա, ուստի այդ է պատճառը, որ նախագծի հեղինակներն առաջարկում են մեքենաների «տեխզննումը» 3 տարին մեկ անգամ իրականացնել` երեք անգամ կրճատելով մեքենաների սեփականատերերի կողմից վճարվող ու ոչ մի կերպ չհիմնավորված այդ ծախսը:
Ուշագրավն այն էր, որ ՀՀԿ-ականները, չնայած կողմ էին օրենքում նման փոփոխություն կատարելուն, սակայն ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ Կառավարությունը մեծ փաթեթ է նախապատրաստել ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ:
Նախագիծը հավանության արժանացավ նաև ԱԺ նախագահի կողմից, սակայն նա էլ իր հերթին նշեց, որ նախագծի գաղափարը պետք է ավելի մանրամասն քննարկումների արժանանա, որպեսզի պարզ լինի, թե որտեղ է տուժում կամ որտեղ է շահում հասարակությունը:
Նշենք նաև, որ նախագիծը հավանության չի արժանացել ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում, քանի որ ձայների 3 դեմ, 3 կողմ հարաբերակցությամբ այն մնացել է օդից կախված:
Ի դեպ, հանձնաժողովի քննարկման ժամանակ նախաձեռնության ոչ բոլոր հեղինակներին են հրավիրել մասնակցել դրան, ինչը ևս բազում հարցականներ է առաջացնում:
Ինչևէ, հապճեպ կազմակերպված քվեարկության արդյունքներով պարզ դարձավ, որ նախագիծը ձայների 21 կողմ, 44 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց:
Նշենք նաև, որ նախագիծի հեղինակները երկու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ էին` ՀՀԿ խմբակցությունից` Հայկ Բաբուխանյանը, ՕԵԿ խմբակցությունից` Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը:
Քվեարկությունից հետո պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած ինքը օրենքի փոփոխությունների նախագծի համահեղինակներից է, սակայն իրեն գլխադասային հանձնաժողովում քննարկմանը չեն հրավիրել, այնինչ ինքը բավականին ասելիք ուներ:
Ա.Գ.