ԵԱՏՄ անդամակցությունը զարգացման լայն հեռանկարներ է բացում Հայաստանի համար. Գագիկ Խաչատրյան
ЭкономикаԵվրասիական տնտեսական միությանն անդամակցելը տնտեսական զարգացման լայն հեռանկարներ է բացել Հայաստանի համար. հարկավոր է քայլեր ձեռնարկել այդ հնարավորություններից օգտվելու համար: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:
«Շատ դժվար է այս պահին հստակ գնահատական տալ, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ինչ է տվել Հայաստանին, սակայն ակնհայտ է, որ մենք անդամակցել ենք մի միության, որը տնտեսական զարգացման լայն հնարավորությունն է տալիս: Մենք, մեր տնտեսավարողները պետք է կարողանանք օգտվել այդ հնարավորություններից: Եթե մենք նստենք ու սպասենք, որ մեզ պատրաստի «դեղատոմս» կտան, արդյունքի չենք հասնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Միևնույն ժամանակ, նախարարը հավելեց, որ կան բազմաթիվ արտաքին գործոններ, որոնք կանխատեսելի չեն: «Բոլոր խնդիրները, որոնք առաջացել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք քայլեր ենք ձեռնարկում դրանք վերացնելու ուղղությամբ: Նոր ընթացակարգեր են առաջ եկել, նոր հարաբերություններ, որոնք կարգավորելու համար որոշակի գործընթաց է հարկավոր: Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հասնենք այն առավելագույնին, որը մեզ հնարավորություն կտա լիարժեք օգտվել Եվրասի ական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորություններից և առավելություններից»,- եզրափակեց նախարարը:
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: