Սահմանադրական փոփոխությունների նախագծում հայկական ավանդական ընտանիքի դեմ ոչ մի սպառնալիք չկա
ОбществоՍահմանադրական փոփոխությունների նախագծում հայկական ավանդական ընտանիքի դեմ ոչ մի սպառնալիք գոյություն չունի: Սահամանադրական փոփոխությունների նախագծում ամուսնանալու ազատությունը սահմանող 35-րդ հոդվածում նշվում է, որ ընտանիք կազմելու իրավունք ունեն ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը:
Այս թեմայով «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը խոսեց ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը` ի հակադարձում «ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի, ով իր ելույթում մտավախություն էր հայտնել, թե սահմանադրական փոփոխությունները կարող են վտանգել հայկական ընտանիքի հիմքերը:
«Սահմանադրական նախագծում հստակ գրված է, որ ընտանիքը նաև վերարտադրության միջոց է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում բացառվելու է ցանկացած այլասերված ընտանիքի օրինականությունը, քանի որ վերարտադրության համար անպայման կին և տղամարդ պետք է լինեն»,- նկատեց Եղիազարյանը` նոյեմբերի 16-ին` «այո»-ի և «ոչ»-ի համատեղ քարոզչությանը չորրորդ օրը:
Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 16 գործիչներ նոյեմբերի 13-ից 20 օր շարունակ կլինեն Հայաստանի ամենատարբեր բնակավայրերում` հյուսիսից հարավ, ու կքարոզեն իրենց գաղափարները: Քարոզարշավն ուղիղ հեռարձակվում է «Արմնյուզ»-ի և Ա1+-ի համատեղ հեռուստանախագծի շրջանակում: