Փարիզյան ահաբեկչությունը ամրապնդեց Բաշար ալ-Ասադի դիրքերը
ИнтервьюՔաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ինչ-որ մի տեղ կարելի է շրջադարձային համարել սիրիական ճգնաժամի լուծման, ասադյան ռեժիմի պահպանման հարցում, և եթե Ռուսաստանի ու Արևմուտքի միջև նախկինում տարաձայնություններ կային այս առումով, ապա ներկայումս այդ կարծրատիպերը կոտրվեցին հօգուտ Ասադի:
«Կարծես Արևմուտքը համոզվում է, որ ամեն դեպքում Ասադը և իր բանակը դեռևս անփոխարինելի են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Գ. Քեռյանը:
Նրա խոսքով` պատահական չէ, որ ժամանակին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ամենամոլի հակառակորդներից և նրա անհապաղ տապալման կողմնակից Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջին դեպքերից հետո հայտարարեց, որ Ֆրանսիայի հիմնական թշնամին ոչ թե Ասադն է, այլ «Իսլամական պետություն» խմբավորումը:
«Սա վերաբերմունքի փոփոխություն է Ասադի վարչակարգի նկատմամբ: Երկրորդ կարևորագույն հարցն այն էր, որ Փարիզի դեպքերը նպաստեցին, որ մեծանա Ռուսաստանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնող պետությունների թիվը, քանի որ Արևմուտքը հասկացավ, որ ԻՊ գոյությունը կարող է հղի լինել նոր, այլ որակի ահաբեկչական գործողություններով:
Արևմուտքի և Ռուսաստանի մերձեցմանը նպաստող երրորդ գործոնը ռուսական ինքնաթիռի կործանումն էր, քանի որ արդեն իսկ հաստատվել է այն վարկածը, որ ռուսական օդանավի կործանումը ահաբեկչական գործողության հետևանք է:
Ի դեպ, այս հանգամանքն ավելի կարծրացրեց Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում»,- ասաց Գ.Քեռյանը:
Քաղաքական գիտությունների դոկտորի խոսքով` վերջին գործոնի հաստատմամբ` Ռուսաստանն ավելի լայնածավալ գործողություններ իրականացնելու հնարավորություն է ստացել, իսկ Արևմուտքի համագործակցությունը Ռուսաստանի հետ դառնալու է ոչ միայն անխուսափելի, այլև՝ օրակարգային և անհրաժեշտ հարցերից մեկը:
«Այս համատեքստում կարելի է ասել, որ Ասադի ռեժիմի տապալման ջատագովները սկսել են Ասադին հանդուրժելու և Ռուսաստանի հետ համագործակցելու քայլեր ձեռնարկել: Արևմուտքը, ավիահարվածները կոորդինացնելով Ռուսաստանի հետ, ինչ որ տեղ փորձում է փրկել իր իմիջը` մոռացության տալով այն ստրատեգիական սխալները, որն Արևմուտքն իրականացրեց` կործանելով կենտրոնացված և գործող անվտանգության երաշխավոր պետությունը` փոխարենը ստեղծելով քաոսային իրավիճակ տարածաշրջանում»,- ասաց Գ.Քեռյանը:
Պատասխանելով հարցին, թե այս օրերին ինչով է պայմանավորված Իրանի խորհրդավոր լռությունը, նա նշեց, որ Իրանն, անշուշտ, կարող է ամպագոռգոռ հայտարարություններ անել և ցավակցել ֆրանսիայի ղեկավարությանը, սակայն իր լռությամբ այն իր քննադատական վերաբերմունքն է արտահայտում Արևմուտքի և ԱՄՆ-ի նկատմամաբ:
«Քանի որ ներկայումս Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, ուստի Իրանի իշխանություններն իրենց թույլ չեն տալիս քննադատական խոսքեր հնչեցնել Արևմուտքի հասցեին, քանի որ կարգավորման գործընթացը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին»,- ասաց Գ. Քեռյանը:
Արմինե Գրիգորյան