Լեհաստանի Խելմ քաղաքում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
ОбществоԼեհաստանի Խելմ քաղաքում նոյեմբերի 15-ին պաշտոնապես բացվել է Լեհաստանում բնակվող հայ գեղանկարիչ Հովհաննես Ղազարյանի «Վերածնունդ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Հովհաննես Ղազարյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակի տարում բացված ցուցահան դեսը հեղինակը նվիրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական վարչությունից, ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Խելմի և հարակից բնակավայրերի համայնքների տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, արվեստի, գրականության գործիչներ, հեղինակավոր մտավորականներ, լրագրողներ և այլն:
Ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի` միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Դեսպան Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հովհաննես Ղազարյանին նրա ստեղծագործական բազմամյա գործունեության հոբելյանական ցուցահանդեսն իր ժողովրդին և նրա 100-ամյա ողբերգության տարելիցին նվիրելուն: Դեսպան Ղազարյանը շնորհակալությամբ է նշել, որ լեհ ժողովուրդը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին` հիշեցնելով նաև, որ Լեհաստանի Սեյմը դեռ 2005 թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Գեղանկարիչ Հովհաննես Ղազարյանն, իր հերթին, նշել է, որ այս ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրելով, նա փորձել է իր համեստ ավանդը բերել այս տարի ողջ աշխարհում տեղի ունեցած հազարավոր միջոցառումների կազմակերպման և ցեղասպանության Սուրբ նահատակների ոգեկոչման հայրենանվեր և մարդասեր գործին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանում ՀՀ դեսպանությանը ցուցահանդեսի հովանավորության, ինչպես նաև ցուցահանդեսի բացմանը դեսպանի մասնակցության համար: