Արմավիրի մարզում ավազակային հարձակում կատարողներից մեկը հայտնաբերվել եւ կալանավորվել է
ОбществоՆոյեմբերի 5-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մտել են Արմավիրի մարզի Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը եւ թալանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 4-ին, ժամը 3-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք՝ ձեռնոցներով, տան մուտքի դուռը հրել-բացելով մտել են 1933 թ. ծնված Հրաչիկ Խ.-ի տուն, ծեծի ենթարկել նրան եւ կնոջը` 1937 թ. ծնված Կասյա Խ.-ին, կապել նրանց, պահանջել եւ ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 16-ին պարզվել է, որ գործով դեռեւս չպարզված մեկ այլ անձի հետ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Ա.-ն:
Գարուշ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով:
Գարուշ Ա.-ն կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած մյուս անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: