Հայ դիզայներ, ում հագուստները կրում է Մոնիկա Բելուչին (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Հայկական ծագումով ամերիկացի դիզայներ Արաքս Երամյանը հանդիսանում է Araks նորաձեւության տան հիմնադիրը։ Նրա հավաքածուները յուրահատուկ ոճ ունեն եւ արժեն 2 – 30 հազար դոլար։
Araks ապրանքանիշի հագուստը, ներքնազգեստն ու լողազգեստները ԱՄՆ-ի եւ Եվրոպայի նորաձեւ կանանց զգեստապահարանի անբաժան մասն են կազմում։

Արաքս Երամյանը ծնվել է Ֆիլադելֆիայում։ Նա մանկուց սիրել է նորաձեւությունն ու նկարչությունը։ Ինչպես խոստովանում է, նկարչության հանդեպ սերը եկել է ծնողներից։
«Տանը նկարելիս ծնողներս ինձ թույլատրում էին օգտագործել կարմիր, երկնագույն եւ դեղին երանգները։ Նրանք դա բացատրում էին նրանով, որ մյուս գույները ծնվում են հենց դրանցից, ինչպես Մարտիրոս Սարյանի կտավներում է»,- պատմում է նա։
«Մանկուց երազել եմ հագուստի դիզայներ դառնալու մասին, սակայն նորաձեւության տան ստեղծման սկզբնական շրջանում ես դեկրետում էի, այդ պատճառով էլ ուժերս հերիքում էին միայն ներքնազգեստի մոդելավորման համար։ Որպես հայուհի, ինձ համար առաջնայինն իմ ընտանիքն է։ Հիմա, երբ որդիներս մեծացել են, ես կարողանում եմ համատեղել հաճելին օգտակարի հետ եւ ստեղծել նաեւ գեղեցիկ հագուստ»,- ասում է նա։

Նյու Յորքում ավարտելով հեղինակավոր Պարսոնսի դիզայնի դպրոցը, Արաքսը պրակտիկ դասընթացներ է անցել Մարկ Ջեյկոբսի մոտ, այնուհետեւ ընդգրկվել պրոֆեսիոնալ դիզայներների J. CREW թիմում։
Մի քանի տարի այնտեղ աշխատելուց հետո, Արաքսը գիտակցեց, որ ցանկանում է
ստեղծել հագուստի իր ապրանքանիշը։
2000թ. ստեղծելով Araks ապրանքանիշը, նա թողարկեց ներքնազգեստի հավաքածուն, որում գլխավոր շեշտադրումը դրեց ատլասի, բամբակի, մինիմալ դետալների, նուրբ երանգների վրա։

«Իմ կյանքն օրինակ է, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն նպատակասլաց մարդու համար։ Ամեն ինչ սկսեց նրանից, երբ ես ոչ մի կերպ չէի կարողանում ինձ համապատասխան ներքնազգեստ ընտրել. խանութներում առաջարկվող ներքնազգեստը կամ վուլգար էր, կամ ձանձրալի։ Ես հասկացա, որ ավելի հեշտ է ինքնուրույն արտադրել ներքնազգեստ»,- պատմում է աշխարհահռչակ դիզայները։
Բացի ներքնազգեստից, 2004թ. Արաքսը թողարկեց լողազգեստների հավաքածուն։ Շատ կարճ ժամանակահատվածում Araks ապրանքանիշն այնքան հայտնի դարձավ, որ այն սկսեցին կրել հոլիվուդյան աստղերը։ Նրանց թվին են դասվում Սքարլետ Յոհանսոնը, Մոնիկա Բելուչին, Սառա Ջեսիկա Փարքերը եւ այլոք։



Արդեն որերոդ տարին է, Araks-ը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ամենաէլիտար եւ վաճառվող ապրանքանիշերի ցուցակում առաջատար դիրքեր է զբաղեցնում։
Մոդելավորող Արաքս Երամյանը խոստովանում է, որ իր հավաքածուների ոգեշնչման աղբյուր են հանդիսանում Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, Փարաջանովի ֆիլմերը, որոնք իրեն լցնում են սիրո եւ թեթեւության զգացումով։









