«Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման օպերացիայում» (լուսանկարներ)
Սեպտեմբերի 8-ից ոստիկանության զորքերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել էր «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքը, որի ամփոփիչ գործողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, «Արզնի» օդանավակայանում:
Վարժանքին հետևում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ:
Վարժանքի սցենարով՝ արտոնված հանրահավաքը մի խումբ ակտիվ մասնակիցների կոչերով վերածվում է զանգվածային անկարգությունների, որոնք կասեցնում և հասարակական կարգը վերականգնում են ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային վարչությունների ստորաբաժանումները՝ օգտագործելով հատուկ պաշտպանական միջոցներ ու տեխնիկա:
Ոստիկանության պետը վարժանքի ընթացքում հետևեց հատուկ գործողության իրականացման հնարքներին ու ծառայողների պատրաստականությանը, ծանոթացավ պաշտպանական հատուկ միջոցներին ու տեխնիկային, զրուցեց վարժանքի մասնակիցների հետ: «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքի պլանով նախատեսված խնդիրները հստակ ու լիարժեք կատարելու համար ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների:
Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ներկայացրեց վարժանքի խնդիրները, նպատակը և արդյունքները: