Քարաշեն տնակները Գյումրիում սեփականաշնորհվելու են պահանջվող նորմերին համապատասխան
ОбществоԳյումրիում քարաշեն տնակներն այսուհետ սեփականշնորհվելու են: Տարիների ընթացքում քարապատ կառույցի վերածված տնակների անվճար սեփականաշնորհման նախաձեռնությամբ հանդես էր եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում: Գյումրեցի 10 ընտանիքների նոյեմբերի 18-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնեց իրենց կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումները: Բնակիչների խոսքերով, նոր բնակարան ունենալու կամ իրենց տարածքները սեփականաշնորհելու հնարավորություն իրենք երբևէ չեն ունեցել և սա համարում են խնդրի լավագույն լուծում:
Քաղաքապետարանի համապատասխան բաժնի պաշտոնյանները վստահեցնում են՝ կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումների գործընթացը կլինի շարունակական, սեփականաշնորհման որոշումներ կտրամադրվեն, եթե կառույցները համապատասխանում են բոլոր նորմատիվներին, չեն գտնվում կանաչ գոտիներում և չեն խանգարում քաղաքաշինական ծրագրերին:
«Գյումրին առանց տնակների» նախաձեռնությամբ քաղաքապետը հանդես եկավ մոտ մեկ ամիս առաջ: Ծրագրի իրագործմամբ՝ քաղաքապետը հույս է հայտնում բեկում մտցնել քաղաքի համար այդքան կարևոր անօթևանության լուծման խնդրում:
Արմենուհի Մխոյան