Հայատանում տնտեսվարողները երբեմն հակամրցակցային համաձայնության են գալիս. Շաբոյան
ЭкономикаՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անցկացրած ուսումնասիրություններն ու փորձը ցույց են տալիս, որ շատ են դեպքերը, երբ տնտեսվարողները միմյանց հետ համաձայնության են գալիս` ստեղծելով հակամրցակցային պայմաններ:
Նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Մեր փորձը ցույց է տալիս, որ շատ են դեպքերը, երբ պետական գնումների մրցույթներից առաջ տնտեսվարողները պայմանավորվում են միմյանց հետ, ցուցակներ բաժանում` այսպիսով ստեղծելով հակամրցակցային պայմաններ, համաձայնության են գալիս: Լինում են նաև դեպքեր, երբ մրցույթների պատվիրատուներն իրենց վարքագծով բարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսվարողների հակամրցակցային համաձայնության համար»,-հավելեց նա:
Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ հաճախ են դժգոհություններ լինում այն մասին, որ գերակա դիրք ունեցող խոշոր բիզնեսը չարաշահում է իր հնարավորությունները, ստանում մրցակցային առավելություններ:
«Մեզ համար գերխնդիր է, որպեսզի շուկայում փոքր միջին և խոշոր բիզնեսը նույն խաղի կանոններով աշխատեն: Ինձ համար շատ կարևոր կլինի որ հանձնաժողովը զբաղվի խոշոր առևտրային ցանցերի և մատակարարների հարցերի իրավական կարգավորումներով: Ակնհայտ է , որ խոշոր ցանցերը կարող են չարաշահել իրենց դիրքերը, իրենք են պայմաններ թելադրողները», - հավելեց Ղազարյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ փոքր, միջին և խոշոր բիզնեսին տարբեր հարցեր են անհանգստացնում: Բիզնեսի տեսանկյունից մրցակցային առումով խնդիրներ են ունենում փոքր բիզնեսի ներկայացուցիչները:
«Հասարակական սեկտորի անելիքը ոչ թե այն մասում է, որ տնտեսվարող սուբյեկտը կրի պատիժ, այլ որ այդ սուբյեկտի գործունեությունը լինի այնպիսին, որ պաշտպանված լինի սպառողի իրավունքը: Պետական մարմինների գործունեության և ռազմավարության մեթոդոլոգիան է , որ պետք է որոշի թե սպառողի իրավունքների պաշտպանության գործիքն ինչպես կիրառի` վարչական պատասխանատվություւնների, սանկցիաների, գործունեությունների կասեցումի թե համապատասխան խորհրդատվությունների միջոցով»,- նշեց Պիպոյանը: