Հայաստանում սպառողական գները նվազել են, ԱՊՀ մյուս երկրներում՝ աճել
ЭкономикаԱյս տարվա հոկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ Անկախ պետությունների համագործակցության երկրներում, ընդհանուր առմամբ, սպառողական ապրանքների գներն աճել են 14.9 տոկոսով, այդ թվում` պարենային ապրանքներինը` 13.8 տոկոսով. 2014թ. հոկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 9.1 տոկոս և 10.6 տոկոս: Ընդ որում, Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ 2015թ. հոկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական ապրանքների գնանկում, որը կազմել է 2.4 տոկոս, իսկ պարենային ապրանքների պարագայում` 7.5 տոկոս: Պարենային ապրանքների գների նվազում է արձանագրվել նաև Ղրղզստանում՝ 3.3 տոկոսով:
2015թ. հոկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ սպառողական ապրանքների առավելագույն գնաճ արձանագրվել է Ուկրաինայում՝39.5 տոկոսով, պարենային ապրանքների գներն աճել են 35.7 տոկոսով: Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 11.2 տոկոս և 11.4 տոկոս, Ադրբեջանում` 2.7 տոկոս և 3.6 տոկոս:
Ինչպես տեղեկացնում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն, եթե այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանում պարենային ապրանքների գները նվազել են 1.4 տոկոսով, ապա ԱՊՀ երկրներում միջին գնաճը կազմել է 1.2 տոկոս, առավելագույն գնաճ արձանագրվել է Ղազախստանում` 4.6 տոկոս, որին հետևում են Մոլդովան՝ 3.4 տոկոս, Բելառուսը` 1.5 տոկոս, Ուկրաինան` 1.1 տոկոս: Ռուսաստանում և Ադրբեջանում ամսական գնաճը կազմել է, համապատասխանաբար, 1 տոկոս և 0.3 տոկոս: