Գալուստ Սահակյանը 2016թ. պետական բյուջեն իրատեսական է համարում
Экономика
ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ գալիք տարի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 3.7 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 4 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 1.3 տոկոսով, շինարարության ոլորտը՝ 1 տոկոսով: «Ակնհայտ է, որ 2016 թ. մակրոտնտեսական կանխատեսումները կատարվել են իրատեսության դիրքերից՝ նպատակ ունենալով ստեղծել տնտեսական հետագա զարգացման համար իրական նախադրյալներ ապահովող համապատասխան միջավայր: Ես կարծում եմ, որ գնահատաելի է կառավարության այս մոտեցումը՝ հաշվի առնելով այն օբյեկտիվ իրողություններն ու դժվարությունները, որոնք առկա են ներկայումս և ուրվագծվում են եկող տարվա համար»,- հավելեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը նկատեց, որ 2016 թ. պետական բյուջեն արտահայտում է հանրապետությունում առկա տարաբնույթ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները: ԱԺ նախագահի խոսքով՝ այն ունի հստակ ծրագրային հենք՝ Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, կառավարութйան հաստատած հեռանկարային զարգացման և պետական ու ժամկետային ծախսերի ծրագրերը, ինչպես նաև զանազան ոլորտային ծրագրեր: «Կցանկանայի կարևորել նաև այն հանգամանքը, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է հիմնականում ծրագրային բյուջետավորման ձևաչափով, որը հնարավորություն է տալիս հստակ պատկերացնել պետական ծախսերի նպատակները, դրանց իրականացմանն ուղղված միջոցառումները և ակնկալվող արդյունքները»,- մանրամասնեց ԱԺ նախագահը:
Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ 2016 թ. պետական բյուջեի ծրագրով ծախսերի գրեթե կեսը բաժին է ընկնում սոցիալ-մշակութային ոլորտին, այսինքն՝ սոցիալական ոլորտի հիմնախնդիրները մշտապես գտնվում են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և արվում է հնարավորը դրանց լուծման ուղղությամբ: «Մենք հակված չենք այն մտքին, որ արվող քայլերը բավարար են բնակչության սոցիալական պայմանների շեշտակի բարելավման համար: Դա երկարատև գործընթաց է՝ պայմանավորված առաջին հերթին երկրի ֆինանսական հնարավորություններով: Սակայն անժխտելի է իշխանությունների կամքը հնարավորությունների պայմաններում քննարկել սոցիալական խնդիրների առավել լայն շրջանակ և հնարավորինս լուծել այդ խնդիրները»,- ասաց Սահակյանը;
ԱԺ նախագահը 2016 թ. պետական բյուջեն համարում է հնարավորությունների բյուջե: «Կարևոր է այն հանգամանքը, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս համատեքստում կցանկանայի կառավարության ուշադրություն սևեռել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունների ստեղծման վրա: Սա շատ կարևոր է, քանի որ աշխարհում փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներն ապահովում են զբաղվածության շուրջ 90 տոկոսը, իսկ համախառն եկամտի՝ 70 տոկոսը: Այս ոլորտը Հայաստանում զարգացման լայն հեռանկարներ ունի, իսկ ոլորտի զարգացման համար կառավարության քայլերը պետք է լինեն հասցեական, նպատակային և արդյունավետ»,- ընդգծեց նա: