Սփյուռքահայ նկարիչ Էդման Այվազյանի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում
КультураՀայկական, արևելյան և եվրոպական մշակույթների ավանդույթները համադրող նկարիչ Էդման Այվազյանը հայաստանյան իր առաջին ցուցահանդեսից գրեթե երեսուն տարի անց նոր ցուցադրույթ կունենա: Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 20-ին կբացվի նրա` «Հայրենիքի գույները» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
«Այն նախապատրաստվել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի հետ: Լուրջ աշխատանք է կատարվել: Վաղուց ծրագրավորված էր սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսների շարք կազմակերպել, սա այդ նախագծի սկիզբ դնելու շատ լավ առիթ էր: Էդման Այվազյանը մեկ անգամ է ցուցադրվել Հայաստանում` 1987 թվականին Նկարիչների միությունում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Նկարիչ Էդման Այվազյանը շնորհակալություն հայտնեց պատկերասրահի և ԻԻՀ դեսպանատան աշխատակիցներին` ցուցահանդեսի կազմակերպման համար:
«Երեսուն տարուց հետո ես նորից կկարողանամ իմ հայրենիքի, իմ ժողովրդի հետ հանդիպել: Նորից շնորհակալ եմ բոլորին և նրանց, ովքեր կայցելեն ցուցահանդեսը»,-նշեց նա:
Կազմակերպիչները մեկ տարի աշխատել են, որ ցուցահանդեսն անցկացնեն Հայաստանում:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մաջիդ Մեշքին հույս ունի, որ ցուցահանդեսը կզարգացնի հայ-իրանական մշակութային համագործակցությունը:
«Մենք հպարտանում ենք իրանահայ համայնքով, արվեստագետներով, այդ համայնքը շատ մեծ ծառայություն է մատուցել Իրանին: Իրանահայերը մեծ դեր են կատարում տարբեր` հատկապես մշակույթի ոլորտներում երկկողմ կապի ամրապնդման գործում: Պարոն Այվազյանն այդ մտավորականներից է»,-նշեց նա:
Ցուցահանդեսում կներկայացվեն Էդման Այվազյանի ճարտարապետական, դիզայներական նախագծերը, ինչպես նաև վերջին 10-15 տարիներին ստեղծած բնանկարները: Ներկայացված են լինելու նկարչի անձնական հավաքածուի 40 գրաֆիկական և 6 կալիգրաֆիական աշխատանքներ:
Էդման Այվազյանը ծնվել է 1932 թ. Իրանում, այժմ բնակվում է Լոնդոնում: Նրա ցուցահանդեսը հնարավորություն կտա տեսնելու արվեստագետիանցած ուղին, գնահատելու ձեռքբերումները, ձիրքը: Նկարիչը ստեղծագործական գաղափարներ է իրագործել տարբեր ոլորտներում` գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, դիզայն: