Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր
ОбществоԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսությունում մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը՝ այն համարելով մտահոգիչ: Նրանց խոսքով, բարենպաստ պայմանների պատճառով մկնանման կրծողները լայն տարածում են գտել հատկապես հացահատիկային դաշտերում, որոնք կարող են զգալիորեն վնասել հաջորդ տարվա բերքը:
Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ հանրապետությունում առկա են մկնանման կրծողների դեմ պայքարի բավարար քանակի միջոցներ, և նախարարությունը ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն պայքարի միջոցառումներին: Արամ Մխոյանը ներկայացրել է նաև որոշ մանրամասներ աշնանացանի աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ շուրջ 39,500 հեկտար հերկված տարածքից արդեն մոտ 27,0000 հեկտարում ցանքս է կատարվել:
Վարչապետը խիստ կարևորել է ժամանակին և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նշանակությունը, որն ուղղված կլինի մկնանման կրծողների վերացմանը և հետագա տարածման կանխմանը: Արայիկ Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ խորհրդակցության մասնակիցներին՝ վնասատուների դեմ պայքարի և աշնանացանի աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ: