Քաղաքացին հաշտվել է իրեն ծեծի ենթարկողի հետ
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կարճվել է Սամսոն Ղազարյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը. վերջինս հայտնել է կասկածյալի հետ հաշտվելու մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. հոկտեմբերի 21-ին Սամսոն Ղազարյանից գրավոր հաղորդում էր ստացվել իրեն ծեծի ենթարկելու մասին: Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հոկտեմբերի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ս. Ղազարյանը ճանաչվել է տուժող, պարզվել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Ս. Ղազարյանի մոտ փորձաքննության կատարման պահին մաշկածածկույթներին և տեսանելի լորձաթաղանթներին մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Ս. Ղազարյանը հայտարարել է կասկածյալի հետ հաշտվելու մասին։ Արձանագրելով, որ կասկածյալն ընդունել է մեղքը, զղջացել կատարածի համար՝ տուժողը նշել է, որ որևէ գույքային պահանջ, բողոք, գանգատ չունի նրա նկատմամբ։ Կասկածյալը ևս լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ներողություն է խնդրել Սամսոն Ղազարյանից, վերջինս ներել է իրեն և չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ տուժողի կողմից կասկածյալի հետ հաշտվելու հիմքով։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:
Հիմք ընդունելով քրեական գործի նյութերը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ՝ քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը՝ տուժողի կողմից կասկածյալի հետ հաշտվելու հիմքով։