Արմեն Երիցյանն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն
ОбществоՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նոյեմբերի 20-ին այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանի ուղեկցությամբ, շրջել է վարչության տարածքում, ծանոթացել վերջերս նորոգված հրշեջ մասի շինարարական աշխատանքներին, վարչության շենքի պայմաններին ու հնարավորություններին, զրուցել սպայական անձնակազմի հետ: Մուշեղ Ղազարյանը նախարարին է ներկայացրել վարչության առջև ծառացած խնդիրներն ու արդեն լուծված բազում հարցերը:
Ընթացիկ տարում ամբողջովին ասֆալտապատվել և գծանշվել է վարչական շենքի տարածքը, նորոգվել է վարչության տարածքում գտնվող «Կանխարգելում, օգնություն, փրկություն» խորհրդանշական հուշարձանը` նվիրված փրկարարներին: Շինության առաջին հարկում կառուցվել է խորհրդակցությունների դահլիճ, իրականացվել է շենքի և աշխատասենյակների վերանորոգում, կատարվել են տարածքի կանաչապատման, ներկման և բարեկարգման աշխատանքներ:
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ստեղծվել է 1960-ական թվականներին: 2010թ. այն վերազինվել է նորագույն տեխնիկայով (ճապոնական «Իսուզու» մակնիշի 28 նոր հրշեջ ավտոմեքենաներով): Երևան քաղաքի փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցման, մայրաքաղաքի բնակչության պաշտպանության, նախապատրաստման և ուսուցման, անձնակազմի պատրաստվածության ապահովման և կարգապահության բարձրացման հարցերին: Վարչությունն արձագանքում է Երևան քաղաքի տարածքում արտակարգ պատահարներին, մասնակցում քաղաքացիական և բնակչո ւթյան պաշտպանության ծրագրերի ու պլանների մշակմանը, դրանց կատարման ապահովմանը և վերահսկմանը:
Գործունեության հիմնական ուղղություններն են Երևան քաղաքի կառավարման մարմինների և ուժերի պատրաստականության բարձրացումը, արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխման և հնարավոր հետևանքների նվազեցմանն ուղված միջոցառումների իրականացումը, ծառայության կազմակերպումն ու վերահսկումը:
ՀՀ ՏԿԱԻ նախարարն աշխատանքային այցով եղել է նաև նախարարության մշակույթի կենտրոնում` ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և տարբեր ստեղծագործական խմբակներում ուսման համար անհրաժեշտ պայմաններին: