Ձմեռային զբոսարջության համար սեզոնային երկարաձգումը նպաստավոր է Հայաստանի համար
ОбществоՁմեռային զբոսաշրջության համար սեզոնային երկարաձգումը կարևոր խնդիր է: Երկարաձգումն այն միջոցներից մեկն է, որը կնպաստի ձմեռային զբոսաշրջության զարգացմանը:
Նման դիտարկում արեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Ձմեռային սեզոնի երկարաձգումը լավ է թե աշխատատեղերի պահպանման, և թե ֆինանսական հոսքերի ավելի արդյունավետ բաշխման համար:Սեզոնի երկարաձգումը նաև նշանակում է ավելի շատ զբոսաշրջային այցերից ստացվող եկամուտներ»,-ասաց Ապրեսյանը:
Զբոսաշրջության վարչությունը, Ապրեսյանի խոսքով, վերջերս տուրօպերատորներից առաջարկ է ստացել ՀՀ Մշակույթի նախարարության հետ քննարկելու այն հարցը, որ Ամանորին թանգարանները բաց լինեն:
«Տարիներ առաջ զբոսաշրջային խմբերի ձևավորման պահանջարկն այսքան խիստ չէր, չկային մեծ թվով տուրիստներ, որոնց կհետաքրքրեին թանգարանային այցերը: Սա նշանակում է, որ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանն ուղղված ջանքերն ու քաղաքականությունը կարծես թե իր արդյունքները տալիս են»,- հավելեց Ապրեսյանը:
Նրա խոսքով ձմեռային զբոսաշրջության զարգացման համար գործում են պետական ծրագրեր: « Զարգացման ծրագրեր իրականացվում են Ծաղկաձորում, որը հայտնի է որպես հատկապես ձմեռային զբոսաշրջավայր, ինչպես նաև Ջերմուկում: Համագործակցում ենք շվեյցարական կազմակերպություններից մեկի հետ, որպեսզի Ջերմուկը դառնա տարվա 4 եղանակների միջազգային ստանդարտներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն»,- ասաց վարչության պետը:
Ապրեսյանը նշեց, որ Շիրակի մարզում դահուկավազքի հնարավորություն կա, որն արդեն մի քանի տարի է գործում է: Նա ասաց նաև, որ արդեն 2 տարի է անցկացվում են ձմեռային փառատոններ, որտեղ սառցե քանդակներ են ներկայացվում, ձմեռային միջոցառումներ կազմակերպվում:
«Ձմեռային փառատոնները նույնպես կնպաստեն ձմեռային զբոսաշրջության զարգացմանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամանորի նկատմամբ հետաքրքությունը մեծանում է և մեզ մոտ դրսից հատուկ գալիս են այդ օրերի համար»,- նշեց Ապրեսյանը: Վարչության պետն անդրադառնալով հայաստանյան հյուրանոցների ամանորյա գներին, նշելով, որ չնայած նրան, որ Ամանորին Հայաստանում հյուրանոցների գները բարձրանում են, այնուամենայնիվ այդ ժամանակահատվածում կարելի է գտնել 2 հոգու համար նախատեսված հյուրանոցային համարներ, 250 հազարից մինչև 1 միլիոն և ավելի արժողությամբ: