Արգենտինայի կրթության նախարարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք
КультураԱրգենտինայի կրթության նախարարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին «Հայոց ցեղասպանություն. հարցեր, պատասխաններ և կրթության համար առաջարկություններ» խորագրով նոր գիրք: Գրքի նյութերի հեղինակներն են Արգենտինայի ԿԳ նախարարությունն ու Հարավային Ամերիկայի Հայ Ազգային խորհուրդը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, գրքի շնորհանդեսին ներկա են եղել Արգենտինայի կրթության նախարար Ալբերտո Սիլեոնին, Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ ազգային ինստիտուտի նախագահ Պեդրո Մուրադյանը, Բուենոս Այրեսի Հայ ազգային խորհրդի ղեկավար Կարոլին Կարագյոզյանը, պետական գերատեսչությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մեկնաբանելով երեխաներին Հայոց ցեղասպանությունւ ներկայացնելու մասին հարցը` Ալբերտո Սիլեոնին նշել է, որ այդ ուղղությամբ կան դժվարություններ և այս գիրքը կօգնի ներկայացնել 1915-ի փաստերը:
«Կրթության նախարարությունը ձգտում է ոչ միայն կրթել երիտասարդ մարդկանց, այլև կրթական համայնքին հասցնել այն իրողությունները, որոնք թաքցվել են երկար տարիների ընթացքում: Այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում հիշողության, ճշմարտության և արդարության հետ կապված, հեղափոխություն էր»,- նշել է Պեդրո Մուրադյանը:
Իր հերթին, Կարոլին Կարագյոզյանն ընդգծել է, որ Արգենտինան այն սակավաթիվ երկրներից է, որը Հայոց ցեղասպանության մասին ստեղծում ու տարածում է կրթական նյութեր դաշնային մակարդակով:
Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2003 թվականին: