Հեռուստաընկերությունները պետք է ճաշակ թելադրեն. Սերգո Երիցյան
ОбществоՀեռուստաընկերությունները պետք է նախանձախնդիր լինեն հայոց լեզվի անաղարտության հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողներին հետ նոյեմբերի 21-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
«Հեռուստաընկերություններում հեռարձակվող լրատվական հաղորդումներում գրեթե վերացել են լեզվական սխալները, սակայն որոշակի հաղորդավարների մոտ առկա են որոշ լեզվական խնդիրներ: Ցավալի է, բայց բազմաթիվ սերիալներում` դրամատուրգիայի պակասի պարագայում, փորձում են խեղել հայոց լեզուն` հեռուստադիտողների շրջանում որոշակի հետաքրքրություն առաջացնելու և հետաքրքիր լուծումներ հրամցնելու համար, բայց պետք չէ մոռանալ, որ եթերային լեզուն գրական հայերենն է»,- նշեց նա` հավելելով, որ հեռուստաընկերությունները շարունակում են հաղորդումներ հեռարձակել ոչ հայերենով`չնայած «հայոց լեզվի մասին» օրենքը դա արգելում է. շատ դեպքերում չի ապահովում նաև համաժամանակյա թարգմանություն:
Նա նկատեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 67-րդ հոդվածում պետք է փոփոխություններ կատարել (օրենսդրական նախաձեռնությունը դեռևս քննարկման փուլում է), որպեսզի հեռուստաընկերություններին մայրենի լեզվի հետ կապված սխալների համար հնարավոր լինի նախ զգուշացնել, այնուհետև նաև տուգանել: «Ես հաճախ եմ լսում այնպիսի կարծիքներ, որ հեռուստաընկերությունները ենթարկվում են հեռուստադիտողի ճաշակին: Սակայն, նրանք պետք է հիշեն, որ նախևառաջ հենց իրենք` հեռուստաընկերությունները, պետք է ճաշակ թելադրեն»,-շեշտեց Երիցյանը:
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող քարոզչական հոլովակներում մայրենի լեզվի հետ կապված խախտումներին` Սերգո Երիցյանն ասաց հետևյալը. «Այդ քարոզչական հոլովակներում հայոց լեզվի հետ կապված որևէ խախտումներ չեմ նկատել: Միայն ուղիղ եթերների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչը բացատրվում է այս կամ այն տարածաշրջանին բնորոշ խոսակցական լեզվով, և ես չեմ կարծում, որ դրանք այն տիպի խախտումներն են, որոնց վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք»: