Ի՞նչ են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները՝ կապված դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի հետ
ИнтервьюԿրկին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների թեմային՝ կարող ենք ասել, որ, դիտելով ՀՀ-ի հյուսիս ու հարավ հատվածներում անցկացվող ռեալիթի շոուն, կարելի է գալ մեկ եզրահանգման՝ որքան գնում, այնքան պայքարը թեժանում է: Orer.am-ը փորձեց պարզել, թե այս ֆոնի վրա ինչ արդյունքներ են գրանցել սոցիոլոգիական հարցումները:
Ինչպես նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիների հետաքրքրությունը սահմանադրական փոփոխությունների ու հանրաքվեի վերաբերյալ մեծ չէ:
«Բնակչության 25%-ը հետաքրքրված չէ հանրաքվեով, 10%-ը չի գնա ընտրության, մոտ 37%-ը կողմնորոշված չէ, որից 7%-ը ընդհանրապես ծանոթ չէ նոր Սահմանադրության բովանդակությանը»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
«Բնակչության միայն 30%-ն է կողմնորոշված հանրաքվեին մասնակցելու հետ կապված, սակայն հստակ ասել, թե քանի տոկոսն է կողմ կամ դեմ լինելու, չենք կարող, քանի որ ամեն ինչ գործընթացի մեջ է:
«Այո»-ի եւ «Ոչ»-ի թվերի հետ կապված հարցում կիրականացնենք նոյեմբերի 27-ից հետո: Ինչպես ասացի, բնակչության 30%-ը հստակ տեսակետ ունի, իսկ 37%-ը դեռ կողմնորոշված չէ, մարդկանց մոտեցումները մինչեւ հանրաքվեն կարող են փոփոխվել: Պետք է նշեմ, որ քարոզարշավի թիրախն այն 37%-ն է, որը դեռ չի կողմնորոշվել»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը:
Սոսե Չանդոյան