Մայր դառնալը իսկական երջանկություն է, իսկ Աստծո կամոք ամեն ինչ հնարավոր է. Անի Դաշյան
LifestyleՀաղորդավարուհի Անի Դաշյանը հուլիսին ամուսնացավ ռուսաստանաբնակ Լյուդվիգ Կարապետյանի հետ: Նրանց հարսանիքը դարձավ քննարկման առարկա: Հիմա Անին ապրում է Մոսկվայում ամուսնու կողքին:
Orer.am-ը զրուցել է հաղորդավարուհու հետ: Անին պատմել է հարազատ երկրից հեռանալու զգացողությունների, կարիերայի, գալիք Ամանորը դիմավորելու մասին:
-Անի, դժվա՞ր չէր թողնել կարիերան ու հեռանալ հարազատ երկրից:
- Հարազատ երկրից հեռանալը շատ դժվար էր: Երբեք մտքովս չի անցել, որ բնակվելու եմ այլ երկրում, սակայն, ինչպես ասում են, երբեք մի´ ասա երբեք: Ես չեմ թողել աշխատանքս, շարունակելու եմ աշխատել իմ սիրած գործով: Հիմա պարզապես դադար է: Դադարները երբեմն պետք են նոր ու թարմ ուժերով ներկայանալու համար:

-Գիտեմ, որ Մոսկվայում չես աշխատում: Այդ դեպքում պատրաստվում ես կարիերային շարունակություն տալ օտար քաղաքո՞ւմ, թե՞ Անի Դաշյանին կրկին կտեսնենք 21tv-ի եթերում:
- Ես և իմ հարազատ 21tv-ին պլաններ ունենք նոր նախագծերի: Այս դեպքում հեռավորությունը չի կարող խանգարել, քանի որ 21tv-ին արդեն երկար ժամանակ է` MKR media grօup-ի մաս է կազմում, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք աշխատել նաև Մոսկվայից Երևան, բայց քանի դեռ որևէ բան հստակեցված չէ, չեմ ուզում փակագծերը բացել:
Ի դեպ, ես շարունակում եմ աշխատել Boom ամսագրի հետ, որի նոր համարը շուտով լույս կտեսնի:
-Մասնագիտությամբ նաև արվեստաբան ես: Ինչ-որ տեղ օգնո՞ւմ է այս մասնագիտությունը կյանքում:
-Արվեստաբանության բաժնում սովորելով` ուսանողները ստանում են ընդհանուր զարգացվածություն, ու եթե հետագայում չեն զբաղվում արվեստաբանի մասնագիտությամբ, միևնույն է, այն շատ է օգնում կյանքում:

- Անի, բազմիցս նշել ես, որ երջանիկ ես ամուսնուդ հետ: Գուցե կարճատև փորձով ասես` ինչպիսի՞ն լինի կինը, որ ընտանիքում ապրի երջանկությունը:
-Բազմիցս նշել եմ ու հիմա էլ չեմ զլանա ասել, որ շատ երջանիկ եմ: Ընտանիքում շատ կարևոր է կնոջ դերը, բայց այս կյանքում միակողմանի ոչինչ չի լինում: Կարևոր է, թե ինչ տղամարդու կողքին է կինը: Հոգատար ու բարի կինը վատ տղամարդու կողքին կարող է վերածվել գազանի, իսկ եթե կինը սիրված է ու գնահատված, նա իր ուժերից վեր ամեն ինչ կանի կրկնակին վերադարձնելու համար:
Մի խոսքով, գաղտնիք չէ երջանիկ ընտանիքի բանաձևը` փոխադարձ սեր, հարգանք և փոխզիջում:

-Ասում են` մայրանալը կնոջ կյանքի ամենաերջանիկ զգացողություններից է: Հնարավո՞ր է` շուտով Անիին տեսնենք մայրիկի կարգավիճակում:
- Ես կիսում եմ այդ կարծիքը: Մայր դառնալը իսկական երջանկություն է, իսկ Աստծո կամոք ամեն ինչ հնարավոր է:

-Տարվա ավարտին հաշված օրեր են մնացել: Ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել:
- Այս տարվա ամենամեծ ձեռքբերումն իմ նորաստեղծ ընտանիքն է:
-Ինչպե՞ս ես դիմավորում Ամանորը:
- Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, միշտ դիմավորել եմ տանը` ծնողներիս, եղբայրներիս հետ միասին: Այս տարի իմ և ամուսնուս համատեղ առաջին Նոր տարին է: Կփորձենք անցկացնել հնարավորինս լավ ու տպավորիչ:
Ավանդույթի համաձայն՝ այն կսկսվի տոնածառ զարդարելով, առաջին խաղալիքը կախելիս երազանք պահելով, իհարկե, նաև Ձմեռ պապիկին նամակ գրելով: Ես ոչ մի տարի չեմ մոռանում նամակս ճիշտ ժամանակին գրել և ուղարկել:

-Այս տարի ի՞նչ կխնդրես Ձմեռ պապից:
- Այն, ինչ գրում եմ նամակում, չեմ սիրում բարձրաձայնել, բայց պետք է խոստովանեմ, որ Ձմեռ պապիկը միշտ իմ ցանկությունները իրականացրել է: Պետք է միայն հավատալ ամանորյա հրաշքին. ես հավատում եմ:
- Հիշարժան նվեր ստացե՞լ ես:
- Ստացածս բոլոր նվերներն էլ ինձ համար հիշարժան ու կարևոր են, այնպես որ չեմ կարող առանձնացնել որևէ մեկը: Անկեղծ ասած, շատ եմ սիրում նվերներ ստանալ, առավել հաճույք եմ ստանում նվիրելուց:

-Ի՞նչ սպասելիքներ կան 2016-ից:
-Կարծում եմ` յուրաքանչյուրս էլ ամեն տարի դրական լիցքերով, մեծ հույսով ու սպասելիքներով է դիմավորում Նոր տարին: Իսկ հետո` տարվա ընթացքում, երբեմն հիասթափվում ենք դժվարություններից, հուսահատվում ու մտածում, որ անհաջող տարի էր: Սակայն ես կարծում եմ, որ ոչ մի դեպքում չպետք է կորցնել հույսն ու հավատը, պետք է շարժվել առաջ և հասնել քո առջև դրված նպատակներին: Մի խոսքով, պետք է սպասելիքներ ունենալ ոչ թե 2016-ից, 2017-ից կամ որևէ մեկից, այլ հույս դնել ինքդ քեզ վրա:
Զրուցեց Լիանա Կարապետյանը