Հայաստանում աղքատության ցուցանիշը մեկ տարում երկու տոկոսով նվազել է
ЭкономикаՀայաստանում 2014թ. համար աղքատությունը կազմել է 30 տոկոս՝ 2013թ. 32 տոկոսի դիմաց: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին: «Ազգային վիճակագրական ծառայությունում այսօր առավոտյան կազմակերպված էր «Սոցիալական պատկերը և աղքատությունը 2014թ. տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտությունների հիման վրա» զեկույցի հրապարակումը, որին հրավիրված էին Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Վաշինգտոնից ժամանած Համաշխարհային բանկի մեր հիմնական ուսուցիչները: 2014թ. համար Հայաստանում աղքատությունը կազմել է 30 տոկոս: 2013թ. այդ ցուցանիշը 32 տոկոս էր»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մնացականյանը:
Մնացականյանը հստակեցրեց, որ Հայաստանում աղքատությունը չափում են ոչ թե ըստ եկամուտների կամ ծախսերի, այլ ըստ սպառման ագրեգատի: «Որպես կանոն, Հայաստանի նման անցումային երկրներում տնային տնտեսությունները կենսամակարդակի հետազոտությունների ժամանակ եկամուտների չափերի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հակվածություն ունեն և դրանով աղքատությունը չափելը նպատակահարմար չէ: Ծախսերով ևս չեն չափվում, որովհետև հարցումների ժամանակ տնային տնտեսությունները ևս ոչ ամբողջական պատասխաններ են տալիս: Արդյունքում 2014թ. Հայաստանի համար& nbsp; սպառման ագրեգատով փաստագրված սպառողական միջին զամբյուղը կազմել է 40 հազարից ավել դրամ»,- մանրամասնեց Մնացականյանը:
Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը՝ Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ՝ Ստեփան Մնացականյանը նշեց, որ 2015թ. վերջին եռամսյակում տնտեսապես ակտիվ բնակչության նկատմամբ գործազրկության մակարդակը մոտավորապես 18.4 տոկոս է եղել: