Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ
ОбществоՆոյեմբերի ընթացքում Լիտվայի Կաունաս քաղաքի Ա.Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցը Կաունասի քաղաքապետարանի հովանավորությամբ և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում անցկացվել են նաև Հայաստանին նվիրված «Փոքր երկիր` մեծ ազգ» և «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսները:
Նոյեմբերի 1-ին` Կաթոլիկ աշխարհում նշվող Բոլոր Սրբերի օրը, գեղարվեստական դպրոցում տեղի է ունեցել մոմավառության արարողություն Կաունասի արքեպիսկոպոս Սիգիտաս Տամկյավիչուսի մասնակցությամբ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն նահատակների:
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել եզրափակիչ միջոցառումը` «Փոքր երկիր` մեծ ազգ» խորագրով ցուցահանդես-մրցույթի մասնակիցների պարգևատրումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Ա.Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցի տնօրեն ժիգիմանտաս Շարակաուսկասը:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել լիտվական ազգագրական «Ռատիլելիս» անսամբլը և Կաունասի հայ համայնքի «Հայրենիք» համույթը: Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ուսանողները ընթերցեցին հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից:
Միջոցառմանը ներկա են եղել կրոնական կառույցների, քաղաքապետարանի, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, դպրոցի սաներ: