Աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը գնալով ավելանում են, սակայն բոլոր այդ երեւույթների ցուցիչները բարելավվում են
ЭкономикаԱյսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ 2006-2008 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը, որի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այս օրերին հասկացա, որ աղքատությունը հարաբերական հասկացողություն է: Եթե աղքատությունը չափում ենք այս օրերին Վաշինգտոնից ժամանած մեր հյուրերի ներկայացրած գործիքով, ապա Հայաստանում աղքատ բնակչություն չկա, մենք բոլորս հարուստ ենք։ Եթե չափում ենք մեկ այլ գործիքով, ապա պարզվում է, որ ՀՀ բնակչության 90 տոկոսն աղքատ է»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
«Մեծագույն հարգանք ունենալով նախագիծը ներկայացնող Ստեփան Մնացականյանի անձի նկատմամբ՝ ցանկանում են լսել կոնկրետ պատասխաններ: Իհարկե, էյնշտեյնի հարաբերական տեսությունը ոչ ոք կասկածի տակ չի առել, սակայն ես կարծում եմ, որ աղքատությունը, արտագաղթը գործազրկությունը պետք է չափել մեկ գործիքով՝ հայաստանյան առկա իրականության գործիքով: Եթե մենք այդ գործիքով ենք անդրադառնում էյնշտեյնի հարաբերականության տեսությանը, հասկանում ենք, որ շատ զարմանալի է, երբ բնակչության կենսամակարդակը գնալով վատանում է, իսկ աղքատության ցուցիչը անցած տարվա համեմատ, չգիտես ինչու, բարելավվում է»,- ասաց պատգամավորը:
ԲՀԿ առաջնորդը նաեւ հավելեց. «Ես շատ կարեւորում եմ ձեր նշած տնային տնտեսությունների վարած օրագրերը, որոնց հիման վրա դուք, երեւի, ձեր տեղեկատվությունը քաղում եք: Սակայն, կա ռեալ իրականություն, որը պետք է հաշվի առնել, իսկ դա այն է, ինչ մենք տեսնում ենք: Ես շատ կցանկանայի, որ բացի գիտական վերլուծություններից, տնային տնտեսությունների օրագրերը հաշվառվելուց, այս ամբիոնից տրվեին հստակ պատասխաններ, թե ինչու են գործազրկությունը, աղքատությունը ավելանում եւ ինչ պետք է անել այս ամենը կանխելու համար»: