Հայ պատանիները Մալթայում մասնակցել են երաժշտական նախագծի
Культура«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» նախաձեռնությամբ Մալթայում իրականացվել է երաժշտական նախագիծ, որին մասնակցել է նաև Հայաստանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 9-15-ն անցկացվող իրադարձությանը մասնակցել են Ռուսաստանի «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հիմնադրամի (պատվիրակության ղեկավար՝ Վիկտոր Մաևսկի), Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի (ղեկավար՝ Սիլվա Մեքինյան) և Մալթայի Հանրապետության նորաստեղծ համանուն կազմակերպության (ղեկավար՝ Ալան Կիրկոպ) անդամները:
Նախագծի շրջանակում երեք երկրների պատանի երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգներով, մասնակցել վարպետության դասերի և գիտագործնական քննարկումների:
Առանձնակի ուշադրության է արժանացել Հայաստանի Հանրապետության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանի և Մալթայի նույնատիպ հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Իշխանովի հանդիպումը, որն ուղղված է եղել երկու երկրների մշակութային կրթադաստիարակչական ոլորտի զարգացման խնդիրներին և ծրագրերին: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նոր պայմանավորվածությու ններ հետագա համագործակցության շուրջ:
Երաժշտական նախագիծն իրականացվել է Մալթայի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Համերգներն ու վարպետության դասերն անցկացվել են Վալետտայի և Գոզո կղզու լավագույն համերգասրահներում, ՌԴ դեսպանատանը, Ռուսական մշակույթի կենտրոնում:
Ամենուրեք պատանիներին ընդունել են մեծ խանդավարությամբ և հայկական ավանդական նվագարանների հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով: Հայկական պատվիրակության կազմում հանդես են եկել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամներ Աստղիկ Ղուկասյանը (դաշնամուր), Նարեկ Բալդրյանը (երգեցողություն), Գագիկ Հակոբյանը (դուդուկ), Մերի Մուսինյանը (քանոն):