Կառավարությունը խթանում է ապակեմանրաթելային խողովակների արտադրությունը
Экономика«ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար ՀՀ կառավարության կողմից կստանա մաքսատուրքից ազատման արտոնություն:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
«ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ն հիմնվել է 2011 թվականին և ներկայացված հայտի համաձայն արդեն մի քանի տարի է ինչ գործունեություն է ծավալում և հանդիսանում է տարածաշրջանում միակ ապակեմանրաթելային խողովակներ արտադրող ընկերությունը: Արտադրանքի հիմնական սպառողներն են փոքր հիդրոէլեկտրակայանները: Արտադրության մեջ կիրառվում է TCR glass ստանդարտի ապակի: Ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրվում է E glass ստանդարտի ապակի, որն իր ֆիզիկատեխնիկական և քիմիական հատկանիշներով չի բավարարում գործարանի տեխնոլոգիական պահանջներին: