Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Արգենտինայի նորընտիր նախագահին
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը նոյեմբերի 25-ինշնորհավորական գիր է հղել տիար Մաուրիսիո Մակրիին` Արգենտինայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբության շնորհավորագրում ասված է.
«Ջերմությամբ ենք հիշում Ձեզ հետ ունեցած մեր հանդիպումները ինչպես Բուենոս Այրեսում, այնպես էլ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, երբ առիթ ունեցանք անդրադառնալու մեր երկու ժողովուրդների բարեկամությանը և Արգենտինայում հայ համայնքի գործունեությանը, որին մշտապես բարյացակամ ու հոգատար վերաբերմունքով զորակից եք եղել Դուք և Արգենտինայի իշխանությունները:
Մեր մաղթանքն է, որ Տիրոջ առաջնորդությամբ շարունակական հաջողություններով արգասավորվեն Ձեր ջանքերը հանուն Ձեր երկրի առաջընթացի»:
Ամենայն Հայոց Հայրապետը նաև հայցել է Բարձրյալն Աստծուն օրհնել և զորացնել Արգենտինայի Հանրապետությունը և նրա բարեպաշտ ժողովրդին: