Ադրբեջանի նավթային հիմնադրամը 2016 թվականին 1,55 մլրդ մանաթ պակասորդ կունենա
ЭкономикаԱդրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները 2016 թվականին, 20015 թվականի համեմատ, կանխատեսվում են 34,5 տոկոսով կամ 3,53 մլրդ մանաթով պակաս:
Նման կանխատեսմամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, հանդես է եկել հիմնադրամն` ինքը:
Նախագծի համաձայն, որը Հիմնադրամի դիտորդական խորհրդի կողմից հաստատվելուց հետո արդեն ուղարկվել է Ադրբեջանի ղեկավարի ստորագրությանը, 2016 թվականին Հիմնադրամի ծախսերը, 2015 թվականին սպասված ծավալի համեմատ, ծրագրված են 33,4 տոկոսով կամ 4,1 մլրդ մանաթով պակաս:
«Թուրան»-ի տվյալներով` Հիմնադրամի 2016 թվականի պակասորդը ծրագրված է 1,549 մլրդ մանաթ: Ընթացիկ տարում Հիմնադրամի դեֆիցիտը սպասվում է մոտ 1,1 մլրդ մանաթ մակարդակի:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից պետբյուջե փոխանցումները 2016 թվականին սպասվում է 6 մլրդ մանաթ, ինչը 42,2 տոկոսով կամ 4,388 մլրդ մանաթով փոքր է` 2015 թվականի համեմատ:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները, որոնք տարվա սկզբի համեմատ 6,38 տոկոսով կամ 37,1 մլրդ դոլարով կրճատվել են, կազմել են 34,74 մլրդ դոլար:
«Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցին հայտնել է, որ անցյալ տարվանից սկսած նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները 8,7 մլրդ դոլարով նվազել են: Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, երկրի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Report.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ 2015 թվականի սկզբի համեմատ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը կրճատվել է 54,5 տոկոսով կամ 8199 մլն դոլարով` նշելով, որ միայն հոկտեմբերին ԿԲ-ի արտարժույթի պահուստը 180,1 մլն դոլարով նվազել է: Տարվա սկզբի համեմատ կրճատումը կազմել է 48,8 տոկոս:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտների եւ ԿԲ-ի արտարժույթի պահուստի արագորեն նվազումը պայմանավորված է նավթի համաշխարհային գների շարունակական անկմամբ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 42 դոլարով ցածր է: