Հայաստանում նվազել է մանկական հանցագործությունների թիվը
ОбществоՀայաստանում մանկական հանցագործությունների կտրուկ նվազում է արձանագրվել ոչ միայն 2014 թվականի, այլեւ նախորդ մի քանի տարիների համեմատությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանությանքրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ասաց, որ թեպետ թվային տվյալները ողջ տարվա կտրվածքով կներկայացնեն ավելի ուշ, սակայն կատարված հանցագործությունների ընդհանուր պատկերը փաստում է, որ Հայաստանի մանուկներն ու պատանիներն ավելի քիչ են դիմում հանցագործությունների:
«Արդյունավետ են դարձել այն ծրագրերը, միջոցառումները, որոնք մենք իրականացնում ենք: Ավագ դպրոցներում ունենք դպրոցական տեսուչներ, ովքեր կանխում են միջանձնյա հարաբերությունները, որոնք հետագայում կարող են վերածվել կռվի, ծեծի, միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու: Ակտիվ աշխատանք է իրականացվում հասարակական եւ միջազգային այն բոլոր կառույցների հետ, որոնք գործում են այս ոլորտում»,- ասաց Նելլի Դուրյանը:
Թիրախային խումբը շարունակում են մնալ մուրացիկ երեխաները: Նրանց թիվը թեպետ նվազել է, սակայն պատկերն ընդհանուր առմամբ մտահոգիչ է: Արձանագրվել են նաեւ թրաֆիքինգի դեպքեր. դրանք թե՛ ծնողի, թե՛ օտարների կողմից երեխաներին անօրինական կերպով շահագործելու եւ աշխատեցնելու դեպքերն են:
«Կա մանկական թրաֆիքինգ, եւ դա մեզ անհանգստացնում է: Իհարկե, թիվը շատ մեծ չէ, սակայն պատկերը մտահոգիչ է, եւ մենք այս ուղղությամբ լուրջ քայլեր ենք մշակում կանխարգելելու այն»,- ասաց Դուրյանը:
Ինչ վերաբերում է մանկական մարմնավաճառությանը, ապա դեպքերն եզակի են: «Այս առումով լուրջ մտահոգություններ չկան, քանի որ արձանագրված դեպքերը եզակի են»,- ասաց Դուրյանը` հավելելով, որ Ոստիկանությունում շատ լուրջ են մոտենում այդ հարցին եւ բացատրական, հոգեբանական լուրջ աշխատանքներ կատարում պատանիների հետ եւ փորձում զոհին կանգնեցնել ճիշտ ուղու վրա: