Հայաստանի իշխանությունները երկրի անվտանգությունը մի քանի անգամ պետք է բարձրացնեն. ՀՀԿ պատգամավոր
ПолитикаԱհաբեկչական խմբերի եւ Հայաստանին սպառնացող վտանգներ շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ, ով ահաբեկչական ակտերը համեմատեց չարորակ ուռուցքի հետ: «Ահաբեկչական ակտերը չարորակ ուռուցքի պես մի բան են ու որքան դրանք խորանում են, այնքան վտանգավոր են դառնում: Օրինակ՝ ես ժամանակին դրանց գաղափարախոսությունը, տարածվածությունը թերագնահատում էի, փաստորեն, այսօր երկրագնդի մասշտաբով դրանք շատ լուրջ վտանգ են ներկայացնոմ»,- ասաց պատգամավորը:
Խոսելով ահաբեկչական խմբերի վտանգավորության աստիճանի մասին՝ պատգամավորը նկատեց. «Վերջերս ավելի շատ են լինում հրապարակումներ, վերլուծություններ, որոնց արդյունքում պարզ է դառնում, որ ահաբեկիչներից շատերն անգամ կրոն չեն ճանաչում, ինչն արդեն սարսափելի է: Նրանք պատրաստ են ջախջախել բոլոր նրանց, ովքեր դեմ դուրս կգան: Անգամ ամենաանվտանգ երկրում նման գործողությունները չեն բացառվում, քանի որ ահաբեկչության բուն էությունը կայանում է նրանում, որ գործողությունն անակնկալ պետք է լինի»:
Անդրադառնալով Հայաստանում տիրող վիճակին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրի անվտանգության միջոցառումներն իր երկրի պատասխանատվության մասին է խոսում: Այս առումով կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանություններն անվտանգությունը մի քանի անգամ պետք է բարձրացնեն, որովհետեւ մենք կորցնելու բան ունենք: Ռազմավարական բոլոր օբեկտների անվտանգությունը պետք է ուժեղացվի, քանի որ մենք ունենք ատոմակայան, օդանավակայան, խմելու ջրի ավազաններ, այս պարագայում մեր անվտանգության աշխատակիցները պետք է ավելի ուժեղացնեն իրենց դիրքերը, ինչն էլ իրականում արվում է, սակայն առանց դրա մասին խոսելու: Այն, ինչ պետք է արվում է»:
Սոսե Չանդոյան